երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Չեբոքսարիում հայկական եկեղեցի կկառուցվի

Չեբոքսարիում հայկական եկեղեցի կկառուցվի

Չուվաշիայի Հանրապետության մայրաքաղաք Չեբոքսարիում կկառուցվի հայկական եկեղեցի, այս մասին թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին տեղեկացրել են Չեբոքսարիից (Չուվաշիայի Հանրապետություն) ժամանած հյուրերը՝ հայկական համայնքի ղեկավար Ալեքսանդր Հախվերդյանը և համայնքի ներկայացուցիչ Սուրեն Մարգարյանը:

Եզրաս սրբազանն իր  օրհնությունն ու գնահատանքն է բերել նախաձեռնության հեղինակներին՝ հույս հայտնելով, որ եկեղեցու կառուցումը հոգենորոգության և հավատի վերարթնության նոր շունչ կհաղորդի սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին:

«Հատկապես սփյուռքում Հայ Եկեղեցին եղել և մնում է որպեսգոյատևման հենասյուն, հայրենյաց սրբազան ժառանգության պահպանման կարևոր օջախ»,- նշել է սրբազան հայրը:

Զրույցի ընթացքում քննարկվել է նոր եկեղեցու նախագծի, ինչպես նաև կառուցման հետ առնչվող մի շարք հարցեր: 

«Չուվաշիայի Հանրապետությունում ապրում է ավելի քան երեք հազար հայ: Նրանք տարբեր մասնագիտության մարդիկ են: Մեզ բոլորիս միավորում է եկեղեցի կառուցելու ցանկությունը և վստահ ենք, որ անկախ դժվարություններից, պիտի  կարողանանք համատեղ ուժերով կյանքի կոչել մեր վաղեմի երազանքը»,- նշել է  Ալեքսանդր Հախվերդյանը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ Չուվաշիայի Հանրապետության բնակչության մեծ մասը քրիստոնյաներ են և հայկական եկեղեցու ներկայությունը կդառնա յուրօրինակ այցեքարտ հայ ժողովրդի հոգևոր և մշակութային ժառանգությունը ներկայացնելու համար:

Հանդիպման ավարտին սրբազան հայրն օրհնության խոսք է ասել հյուրերին՝ հայցելով Տիրոջ օգնականությունը եկեղեցաշեն և ազգօգուտ գործի հաջողության համար:

  • Կիսվել: