ուրբաթ, սեպտեմբեր 4
4 / 9 / 2026
Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով

Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանն այսօր՝ սեպտեմբերի 4–ին, երկու ամսով երկարաձգեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքներով: Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով:

Հուլիսի 6-ին, մոտ 12 ժամ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկում էին, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը և նրա հետ փոխկապակցված 70-ից ավելի այլ հասցեներ։ Խուզարկություններից հետո ԱԱԾ աշխատակիցները Գագիկ Ծառուկյանին իր առանձնատնից ձերբակալել էին՝ նրան գետնին տապալելով:

Ըստ ՔԿ-ի՝ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանքներ՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։

Այնուհետև, ըստ նախաքննական մարմնի, Ծառուկյանը կազմակերպել է այդ հանցավոր ճանապարհով ստացված գույքի և գումարների լվացումը՝ դրանք սեփական ընկերությունների օրինական շրջանառությանը միախառնելով։ Ինքը՝ գործարարը, մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով կեղծիք։

Ծառուկյանի փաստաբանները ևս պնդում են, որ մեղադրանքն անհիմն է:

  • Կիսվել: