չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ցավոք, քաղաքակիրթ աշխարհի լուռ համաձայնությամբ տեղի է ունենում նոր ցեղասպանությունը․ Թովմասյան

Ցավոք, քաղաքակիրթ աշխարհի լուռ համաձայնությամբ տեղի է ունենում նոր ցեղասպանությունը․ Թովմասյան

Հայոց ցեղասպանության վերքերից չբուժված՝ այսօր անցնում ենք նոր ցեղասպանության միջով: Թշնամին նույն ոճրագործն է… Այս մասին գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

«108 տարի առաջ այլատյացության, կրոնի ու էթնիկ պատկանելության հիմքով ցեղասպանվեց ավելի քան մեկ ու կես միլիոն հայ, մեկ միլիոնից ավելին հայրենազրկվեցին, գաղթի ճանապարհին կորցրին իրենց հարազատներին…

2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքով զոհվեցին հազարավոր հայորդիներ, դաժանաբար խոշտանգվեցին կանայք ու աղջիկներ, պատերազմի արդյունքում տասնյակ հազարավոր արցախահայեր հայրենազրկվեցին, իսկ Ադրբեջանի կողմից արդեն 134 օր տեւող Արցախի շրջափակման հետեւանքով 120.000 մեր հայրենակիցները պատանդի կարգավիճակում են հայտնվել: Կրելով հումանիտար աղետի ծանրագույն հետեւանքները՝ նրանք փաստացի զրկված են իրենց կենսական իրավունքների իրացման հնարավորությունից: 
Այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է տեղադրում Բերձորի միջանցքում…

Իսկ ես դեռ չեմ խոսում մշակութային ցեղասպանության մասին, երբ թշնամին ավիրել է մեր վանքերն ու եկեղեցիները, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին վերածել մզկիթի… Շարունակում է ագրեսիան Հայաստանի եւ Արցախի նկատմամբ:
Ու ցավոք, պետք է արձանագրել, որ քաղաքակիրթ աշխարհի լուռ համաձայնությամբ տեղի է ունենում նոր ցեղասպանություն: 
Մեզ մնում է նորից ու կրկին պայքարել հանուն Արցախի հայկականության պահպանության, հանուն անվտանգ եւ ազատ Հայաստան ու Արցախ ունենալու:

Հարեւանների հարցում մեր բախտը չի բերել»:

  • Կիսվել: