երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ցանկալի է Երևանից դուրս՝ թեկուզ ոչ հեռու, ձևավորել ակադեմիական քաղաք. Փաշինյան

Ցանկալի է Երևանից դուրս՝ թեկուզ ոչ հեռու, ձևավորել ակադեմիական քաղաք. Փաշինյան

Ճիշտ է, բավական դանդաղ, բայց մենք հաստատուն քայլերով գնում ենք դեպի ՛՛Բարձրագույն կրթության և գիտության մասին՛՛ օրենքի ընդունում, որը բովանդակային կարևոր միջավայրի փոփոխություն է: Այս մասին  այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ընթացիկ և առաջիկա ծրագրերի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Եկել ենք եզրակացության, որ այս դեպքում էլ բովանդակային միջավայրի փոփոխությունը պետք է կարողանանք զուգորդել ֆիզիկական միջավայրի փոփոխությամբ: Եվ այստեղ ես ուզում եմ շատ կարևորել ակադեմիական քաղաքի հիմնման գաղափարը, որի իմաստը և տրամաբանությունը հետևյալն է՝ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասի կամ մեծ մասի Երևան քաղաքի կենտրոնից տեղափոխումով, ցանկալի է Երևան քաղաքից դուրս, թեկուզ ոչ հեռու, ձևավորել և ստեղծել, կառուցել ակադեմիական քաղաք, որն իր միջավայրով, տրամաբանությամբ, քաղաքաշինությամբ կապահովի նոր բովանդակության ներմուծումը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգ՛՛,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ այդ նախագիծը պետք է հետևողականորեն առաջ մղել, որովհետև, նրա կարծիքով, կ ակնհայտ է, որ մեր բազմաթիվ բուհեր այլոց շարքում ունեն նաև հետևյալ խնդիրը՝ իրենց ֆիզիկական միջավայրով չեն համապատասխանում բարձրագույն կրթության ժամանակակից չափորոշիչիներին: ՛՛Շատ դեպքերում ուղղակի անհնար է այս իրավիճակը շտկել, հետևաբար, կարծում եմ, որ ակադեմիական քաղաքի հիմնադրումը պետք է դառնա բարձրագույն կրթության ֆիզիկական միջավայրի մեր կարևոր անելիքներից մեկը՛՛,-պարզաբանեց Փաշինյանը:

Անդրադառնալով սպորտի խնդիրներին՝ վարչապետն ասաց. ՛՛Քանի որ մենք օլիմպիական տարում ենք գտնվում, ուզում եմ հարցը կապել նաև սպորտի զարգացման հետ, որովհետև ամեն դեպքում պետք է արձանագրել, որ զարգացած սպորտ ունեցող երկրներում ուսանողական սպորտը շատ կարևոր խթան է հանդիսանում ընդհանրապես սպորտի մասսայականացման և զարգացման համար:

Ցավով եմ արձանագրում, որ այս առումով էլ մեր բազմաթիվ բուհեր, օրինակ, ուսանողական սպորտի զարգացման կամ նույնիսկ գոյություն ունենալու համար պատշաճ պայմաններ չունեն: Այս առումով նույնպես չափազանց կարևոր եմ համարում ակադեմիական քաղաքի նախագիծը: Նաև օլիմպիական տարի է, այսօր կքննարկենք մեր անելիքները օլիմպիական տարում: Օլիմպիադան պետք է տեղի ունենար նախորդ տարում, բայց համավարակի պատճառով հետաձգվել է և այս տարի վստահաբար տեղի է ունենալու՝ համենայնդեպս, այդպես է ասվում և կտեսնենք, թե ինչ անելիքներ և ակնկալիքներ ունենք՛՛:

 

  • Կիսվել: