Փաշինյանը իր մեղքը գցում է ժողովրդի վրա, ասում է՝ ինձ վատ ժողովուրդ է փայ ընկել․ Քոչարյան
Այս իշխանությունը երկիրը սարքել է տրենաժոր ու յոթ տարի է՝ այդ տրենաժորի վրա ինչ-որ փորձեր է անում, վերջը տրենաժորն է ջարդվում։ Այս մասին մի քանի լրատվամիջոցների տված հարցազրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Իրենք ընդունում են որ մնացել են յոթ տարի մեկ դասարանում, ընդունում են, որ տգետ են, ընդունում են, որ ձախողվել են։ Հիմա իմ առաջարկը հետևյալն է. կարելի է տգիտության էմոջի սարքել Նիկոլ Փաշինյանի կերպարով, որ երբ ուզում ես տգիտություն բառը չօգտագործել, այդ էմոջին դնես, օրինակ iPhone-ներում։ Դա փայլուն կաշխատի, հատկապես երիտասարդների շրջանում: Մի իշխանություն, որ ասում է՝ ես տգետ եմ, յոթ տարի մի դասարանում եմ մնացել։ Առաջ երկու-երեք տարի, որ մնում էին մի դասարանում, հատուկ դպրոց էին տալիս։ Հիմա սրանք մնում են իշխանության, և ժողովուրդը դա մինչ այսօր հանդուրժում է։
Ինքը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին–խմբ) ասում էր՝ մենք փայլուն երկիր ունենք, փայլուն ժողովուրդ ունենք, կիրթ և այլն, իսկ յոթ տարի անց ասում է՝ չէ ունենք անգրագետ ժողովուրդ, ձեր աղքատությունը ձեր գլխում է, ունենք փնթի, վախկոտ ժողովուրդ։ Ինքը ինչ-որ ձևով պիտի արդարացնի իր ձախողումները, հիմա ինքը այդ մեղքը գցում է ժողովրդի վրա, ասում է՝ այդ ես չեմ մեղավոր, ինձ ուղղակի վատ ժողովուրդ է փայ ընկել, այդ ժողովուրդը դեֆեկտ ունի, բռակ ժողովուրդ է։ Իրականում գործարանային դեֆեկտ ունեցողը ղեկավարն է»,–ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանը հիշեցնելով, որ Հայաստանը ղեկավարել է 1998-2008 թվականներին, նկատեց. «Փայլուն ժողովուրդ է, աշխատող, աշխատասեր, և դա եղել է մեր մրցակցային առավելությունը։ Ոչ մեր աշխարհագրությունն է, ոչ բնական պաշարներն են, մեր մրցակցային առավելությունը եղել է մեր վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ, որպես լավ մասնագիտական, բիզնեսի հմտություններ, ճարպիկություն ունեցող մարդիկ։
Հենց այդ ժամանակ օտարեկրկյա բաժնեմասով ընկերությունների թիվը 360-380 էր, իսկ արդեն 2007–ին այն եղել է մոտ 4000։ Ինչի՞ համար էին գալիս այստեղ։ Կրկնեմ, մեր մրցակցային առավելությունը եղել է մեր ժողովրդի որակներ։ Հիմա էս մարդիկ ասում են՝ մեր ժողովուրդը փնթի է, զիբիլը այստեղ են գցում, այնտեղ են գցում։ Դու գնա մի հատ Փարիզում երեկոյան ժամը 10-ին դուրս արի փողոցներով քայլի. Երևանը Փարիզի համեմատ կամ ամեն մի գյուղ Փարիզի համեմատ ավելի մաքուր է, քան Փարիզը։ Ի՞նչ եք ուզում այս ժողովրդից։ Հիմա պարզում է՝ մենք դեֆեկտով ժողովուրդ ենք։ Հիմա էլ կնոջ հետ ընտանեկան ինչ-որ բան են սկսել, կրթում է մեր ժողովրդին»,–ասաց նա։