հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բյուրեղավանում թունավորվածների մոտ հայտնաբերվել են աղիքային ախտածին հարուցիչներ

Բյուրեղավանում թունավորվածների մոտ հայտնաբերվել են աղիքային ախտածին հարուցիչներ

Հունիսի 9-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, Բյուրեղավանի ավարտական միջոցառման մասնակիցներից հոսպիտալացված է 17 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է թեթև։ Այդ մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
 
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հիվանդներից վերցված կենսանմուշներում հայտնաբերվել են աղիքային վարակիչ հիվանդությունների սալմոնելա էնտերիտիդիսի և ոսկեգույն ստաֆիլոկոկի ախտածին հարուցիչները։
 
Համաճարակաբանական հետազոտության արդյունքները փաստում են, որ աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման հավանական պատճառը սննդային գործոնն է:
 
Սալմոնելոզն աղիքային վարակիչ հիվանդություն է, բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորումով և կլինիկական բազմազանությամբ։ Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի միջոցով։
 
Աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է՝
  • խուսափե՛ք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում,
  • խուսափե՛ք գնել բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,
  • հաճախակի լվացե՛ք ձեռքերն օճառով և ջրով
  • մրգերը և բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով՝ առնվազն 2-3 րոպե.
  • սննդամթերքը պահե՛ք փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու համար.
  • շուտ փչացող սննդամթերքը պահե՛ք սառնարանում.
  • աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմե՛ք բժշկի։

  • Կիսվել: