երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԲՏԱ նախարարն ընդունել է Լյուքսեմբուրգի նորանշանակ դեսպանին

ԲՏԱ նախարարն ընդունել է Լյուքսեմբուրգի նորանշանակ դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյույզերին։ 

Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից՝ նախարարը ողջունել և շնորհավորել է նորանշանակ դեսպանին, համոզմունք հայտնել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության նախադրյալներ կան: Ռոբերտ Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել նախարարության հիմնական գործառույթներն ու զարգացման հեռանկարները, նշել, որ տպավորված է տիեզերքի հետազոտության, տիեզերական արդյունաբերության և սարքաշինության ոլորտներում Լյուքսեմբուրգի ունեցած փորձով: 

Դեսպան Ալեն դը Մյույզերին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, հավելել է, որ  իրատեսական է համարում տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, ստարտափ էկոհամակարգի, տիեզերական գործունեության և կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցությունը Հայաստանի հետ: 

Դեսպանն առաջարկել է դիտարկել նաև փոխգործակցությունը Լյուքսեմբուրգի Startups House-ի հետ, որը մեկ տանիքի տակ է համախմբել նորարարական կենտրոններին, ինկուբատորներին, բիզնես աքսելերատորներին։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ կապված թվայնացման, վենչուրային հիմնադրամների, ֆինթեք, բլոկչեյն տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

 

  • Կիսվել: