Բրյուսովի աշխատակազմն ու ուսանողները կբողոքարկեն ռեկտորի պաշտոնակատարի նշանակումը
Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի նշանակումը հակասահմանադրական է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՊՀ-ի Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։
«Սահմանադրության համաձայն բուհերը ինքնավար են, ակադեմիական ազատություն ունեն եւ նման որոշումներ չի կարելի կայացնել դրսից, երեք անձով, որոնք ոչ մի կապ չունեն բուհի հետ: 5 ամիս է՝ մեր համալսարանը ապրում է ապօրինությունների շրջանակում, սա նույնպես ապօրինի որոշում է, մենք այն բնականաբար բողոքարկելու ենք, քանի որ նրանք մի շարք օրենքներ են խախտել այս նշանակումով: Սրանով իրենք խախտել են օրենքը, ըստ որի հոգաբարձուների խորհրդի մեջ պարտադիր 25 տոկոսը պետք է ուսանող լինի: Իրենք խախտել են «Հիմնադրամների մասին» օրենքը, որտեղ ժամանակավոր պաշտոնակատարի մասին բացարձակ ոչինչ չկա գրված, չկա նման լիազորություն, որը տրված լինի ժամանակավոր խորհրդին»,– ասաց նա։
Ակոպյանը նշեց՝ կառավարությունը խախտում է նաև բուհի կանոնադրությունում վերջերս կատարած փոփոխությունը։
Պրոռեկտորը հայտնեց նաև, որ առավոտյան ԿԳՄՍՆ–ից նամակ է ստացել, ըստ որի՝ պետք է այսօր հրավիրվի գիտխորհրդի նիստ, որտեղ պետք է ներկայացվի ռեկտորի պաշտոնակատարը։ Սակայն Ակոպյանը պնդում է, որ դա նույնպես անօրինական է, քանի որ գիտխորհրդի անդամները նիստի մասին պետք է ծանուցվեն 5 օր առաջ։
Բրյուսովի աշխատակազմն ու ուսանողները պատրաստվում են բողոքարկել ռեկտորի պաշտոնակատարի նշանակումը, այս պահին ուսանողները դասադուլ են անում։