երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բոլոր խնդիրները բխում են նրանից, որ քո դեմքը ներկայացնողը ոչ ամոթ ունի, ոչ վախ. եպիսկոպոս Բագրատ Գալստանյան

Բոլոր խնդիրները բխում են նրանից, որ քո դեմքը ներկայացնողը ոչ ամոթ ունի, ոչ վախ. եպիսկոպոս Բագրատ Գալստանյան

Այսօրվա դրությամբ  կյանքում որոշ դրսեւորումներ արտահայտվում են ֆիզիկական մակարդակով՝ լինի մեր խոցված իրականությունը, մեր հայրենիքը՝ լայն իմաստով, այսօրվա մեր անտարբերությունը, այսպես կոչված շերտերը, որոնք կապված չեն անտարբերության հետ, դրանք շատ լուրջ, խոր հոգեբանական արտահայտություններ են։ Այս մասին «Բեկում. 2018-2023թթ. Հայաստանը ջրբաժանի առաջ» համաերիտասարդական ֆորումում իր ելույթի ժամանակ ասել է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Բագրատ Գալստանյանը։

Նրա կարծիքով՝ մեր իրականությունը ցուցադրում է նաեւ հոգեւոր ճգնաժամ։

«Պատճառը մեր մեղքը չընդունելու, ինքնաարդարացման հեղեղը լցնելու մեջ է։ Խոսքը մեր բոլորի մասին է, եւ առաջին հերթին նրանց մասին, ովքեր պատասխանատվություն են կրում մեր կյանքի համար, քաղաքական կամ վարչական առումով»,- նշել է նա։

Բայց ցանկացած մարդ կյանքում այս կամ այն պատճառով գտնվում է մեղքի ծանրության տակ։ Եվ Սուրբ գիրքն էլ վկայում է, որ մեղքի մեջ գտնվող մարդը չի կարող ունենալ շեն երկիր։

Նա հայերին համեմատել է անապատում դեգերող, ազատության ճանապարհին գտնվող ժողովրդի հետ, որն ի վերջո հասավ Ավետյաց երկիր։

Հոգեւորականի խոսքով՝ պետք է ոչ թե երկիրը պատրաստել նոր սերնդի համար, այլ նոր սերնդին պատրաստել երկրի համար, եւ սա պետք է լինի շատ կարեւոր մոտեցում մեր կյանքում, քանի որ անհայտ է, թե վաղն ինչ տեղի կունենա։

«Քաղաքացիական հասարակություն պատրաստելուց առաջ պետք է ունենալ բարոյական հասարակություն։ Բոլոր խնդիրները բխում են նրանից, որ քեզ ու քո դեմքը ներկայացնողը կամ կառավարիչը ոչ ամոթ, ոչ էլ վախ ու բարոյականություն ունի»,- ընդգծել է եպիսկոպոսը։

Նրա խոսքով՝ մեր այսօրվա կյանքը գողացված ուրախության, գողացված պատվի շրջան է, եւ մենք կոչված ենք շտկելու դա։

  • Կիսվել: