երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ. կարգազանց վարորդները կպատժվեն

Բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ. կարգազանց վարորդները կպատժվեն

Ղեկին ծխելու, մնացորդը դուրս նետելու, մանրադրամն իրեն փոխանցելու պահանջի համար ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից:   Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանի համայնքային բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ, տեսաձայնագրություններն ուսումնասիրվում են և, ըստ անհրաժեշտության, միջոցներ ձեռնարկվում: 

«Սոցիական ցանցում նախորդ շաբաթ գրառում արվեց, որտեղ նշվում էր, որ ավտոբուսի վարորդը ագրեսիվ է իրեն պահել, ծխել է ղեկին, նաև ուղևորներին պարբերաբար հորդորել մանրադրամը փոխանցել իրեն: Նման դեպքերը մենք պետք է հանրայնացնենք, որպեսզի հետագայում բացառենք երևույթի կրկնությունը: Հսկողությունը լինելու է շարունակական, և ցանկացած խնդրի դեպքում վարորդները պատասխանատվության են ենթարկվելու»,- ընդգծել է  Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը: 

Երթուղի է դուրս եկել «MAN» մակնիշի ավտոբուսների 2-րդ խմբաքանակը: Մինչ այդ «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով աշխատող 3-րդ ավտոբուսային երթուղու ամբողջ շարժակազմը փոխարինվել է: Ուղեգիծը սպասարկում է Նոր Նորքի 9-րդ զանգվածի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակիչներին: 
Բացի այդ, 47 համարի փոքր դասի ավտոբուսները փոխարինվել են միջին դասի «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով, որոնք կսպասարկեն 48 երթուղին: Փոքր դասի ավտոբուսները կփոխարինեն 21 համարի երթուղու շարժակազմը,  իսկ 18 համարն այսուհետ քաղաքացիներին կսպասարկի «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսներով:

 

Միասնական տոմսային համակարգի ներդրման փորձնական աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ համար 1 ավտոբուսային երթուղու 14 շարժակազմում տեղադրվել են հատուկ վճարային սարքավորումներ: Երթուղու երկայնքով բոլոր տերմինալներում ակտիվացվել է տոմս ձեռք բերելու համապատասխան կոճակը: Նախատեսվում է  դրանք փորձարկել նաև բջջային հավելվածում:

 

Ավարտական փուլում է Աբովյան պուրակի բարեկարգումը: 
Ամփոփվել են Երևանի բուսաբանական այգում նախատեսվող հուշապուրակի կառուցման համար հայտարարված մրցույթի արդյունքները:  Շուտով կառավարության աջակցությամբ Մուշական թաղամասում կմեկնարկի կոյուղագծի կառուցման ծրագիրը: Ամիրյան փողոցի բոլոր մալուխները կանցկացվեն ստորգետնյա: Ծրագրի շրջանակում տեղադրվել են նոր հենասյուներ, անցկացվել խողովակներ, հերթը կապի օպերատորներինն է, որոնք պետք է մալուխներն գետնի տակ անցկացնեն: Հանձնարարվել է մեկ անգամ ևս տեղում ստուգել աշխատանքների որակը:

Առևտրային բանկերի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում՝ առցանց հավելվածներում գույքահարկի և աղբահանության վճարի համար առանձին հնարավորություն ստեղծելու նպատակով:  Նշենք, որ 2022թ. հուլիսի 1-ից համայնքն իր ծառայությունների համար բոլոր վճարումներն ընդունում է անկանխիկ եղանակով: Քաղաքացիների համար վճարումներն առավել հարմարավետ դարձնելու նպատակով քաղաքապետարանը դիմել է բանկերին՝ լրացուցիչ գործիքակազմի համար:

 

Ազրումանյան փողոցի 10 և 17 հասցեների վթարային շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցելու և բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագրի վերաբերյալ նշվել է, որ քաղաքացիների հետ կազմակերպվել են հանդիպումներ, ոմանց հետ արդեն իսկ կնքվել են պայմանագրեր: 

Ամփոփելով շաբաթօրյակի արդյունքերը՝ զեկուցվել է, որ մաքրման աշխատանքներ են իրականացվել բոլոր վարչական շրջանների՝ նախապես որոշված հասցեներում: Կուտակված ամբողջ աղբը տեղափոխվել է աղբավայրեր: Տեխնիկայի միջոցով մաքրվել են նաև շինաղբի կուտակման քրոնիկ հասցեները:
Լևոն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին, համայնքային կառույցներին և մասնավոր կազմակերպություններին՝ շաբաթօրյակին ակտիվ մասնակցության համար: 

  • Կիսվել: