շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բնությունից փախչել չենք կարող, բնության օրենքներն աշխատում են, և վիրուսը պետք է լինի. պրոֆեսոր

Բնությունից փախչել չենք կարող, բնության օրենքներն աշխատում են, և վիրուսը պետք է լինի. պրոֆեսոր

Կորոնովիրուսով (COVID-19) հիվանդ մարդու հետ շփում ունեցողների 50 տոկոսը հիվանդանում է, իսկ մնացածը չի վարակվում կամ էլ հնարավոր է, որ վարակվելուց հետո չիմանա այդ մասին: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց թերապևտ-թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով հիվանդների տասը տոկոսի մոտ է  արտահայտվում օրգանների սուր ախտահարումը։ 

«Նոր կորոնավիրուսը մարդու օրգանիզմում ապրում է և շնչառական, և այլ օրգանների բջիջների մեջ, ինչը կարող է հանգեցնել այս կամ այն օրգանի բորբոքման: Վարակի առաջին հինգ օրվա ընթացքում վիրուսները մտնում են բջջի մեջ և բազմանում այնտեղ, դրա համար վիրուսից առաջացած թոքաբորբը դժվար վերականգնելի է կամ չվերականգնվող:Այն ինչ տեղի է ունենում թոքերի մեջ, վիրուսի  արագ զարագման  հետևանքով է,որը  որոշ դեպքերում հանգեցնում է մահվան»,- նշեց Ոսկանյանը:

Հարցին, որքանո՞վ են ճիշտ արվում կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական միջոցառումներ, պրոֆեսորը նշեց, որ եթե չձեռնարկեին այս միջոցառումները, խուճապ չառաջացնեին մարդկանց շրջանում, ավելի շատ  մարդ կհիվանդանաև և վիրուսն էլ ավելի շուտ կվերջանար:

«Հիմա, երբ  կանխարգելում ենք, զսպում ենք վարակի տարածումը, և այն մարդիկ, ովքեր չեն շփվել, պետք է շփվեն, դրա համար կարող է երկարել վիրուսի նահանջելու գործընթացը»,- ընդգծեց թոքաբանը։

Նա նաև հավելեց. «Իմ կարծիքով, ավելի ճիշտ կլիներ շեշտը դրվեր հիգիենայի կանոնների վրա,  խստագույնս հետևել դրանց ճիշտ կատարմանը: Այդ ժամանակ ավելի արդյունավետ կլիներ պայքարը, այլ ոչ թե մարդկանց փակել տներում: Բնությունից փախչել չենք կարող, բնության օրենքներն աշխատում են և վիրուսը պետք է լինի»:

Շարունակելով խոսքը՝ պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը խուճապի տարածման մասին մի հետաքրքիր հետազոտություն ներկայացրեց, որն արվել է արտերկրի գիտնականների կողմից:

«Գիտնականներից մեկը մոտ տասը հոգի մարդ է հավաքում սենյակում և ասում, որ եթե ազդանշան լսեք, ապա պետք է կանգնեք, եթե անջատվի՝ նստեք: Այդպես բոլորը կատարում են հրահանգը և մի քանի օր անց նոր մարդ են բերում: Վերջինս չիմանալով, որ ազդանշանի դեպքում պետք  է կանգնի՝ չի կանգնում: Հետո տեսնում է, որ մյուսները կանգնում են, ինքն էլ է սկսում կանգնել՝ առանց իմանալու, թե ինչու: Ավելի ուշ ևս մի քանի հոգի են բերում և նրանք ևս սկսում են հետևել հրահանգը կատարողներին: Այսօր մենք  Հայաստանում անում ենք նույն բանը, ինչ ամբողջ աշխարհն է անում, այսինքն՝ ինչ թելադրում է ԱՀԿ-ն: Վիրուսի տարածման զսպման առումով ճիշտ է, բայց մեծ հաշվով մենք մտնում մենք մեզ չվերաբերող տիրույթ և փոխում ենք «խաղի կանոնները», արդյունքում՝ այն դառնում է անկանխատեսելի»,- ասաց թոքաբանը։

Դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակում, երբ կարող ենք ակնկալել, որ վիրուսը կնահանջի, մասնագետը  նշեց՝ գուցե երկու ամիս, գուցե նաև ավելի երկար տևի:

Հարցին, թե կորոնավիրուսի նահանջից հետո հնարավոր է մի քանի ամիս անց այն նորից կրկնվի կամ գլուխ բարձրացնի, Անդրանիկ Ոսկանյանը պատասխանեց. «Ոչ, մի քանի ամիս անց կարող է ուրիշ վիրուս հայտնվել: Ամեն անգամ վիրուսը բջիջ մտնելիս այլ «հագուստ է հագնում»: Այս անգամ կորոնավիրուս է, հաջորդ անգամ այլ անուն կունենա»:

Ինչ վերաբերում է շրջանառվող այն լուրերին, թե ամռան ընթացքում կորոնավիրուսը կմահանա, ապա մասնագետն արձագանքեց. «Նման բան չկա: Ամռան ջերմաստիճանի հետ վիրուսը ոչ մի կապ չունի, կապ ունենք մենք՝ մարդիկ: Ձմռան սեզոնին մարդու իմունային համակարգը թույլ է և վիրուսը շուտ է վերցնում, իսկ ամռան ընթացքում արդեն օրգանիզմի իմունային համակարգը վերականգնվում է և պաշպանվում է վիրուսից»:

Թերապևտ-թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը բոլոր դեպքերում քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել, հետևել հիգիենայի կանոններին և լսել բժիշկների ցուցումները: Այս դեպքում, ըստ նրա, ոչ մի վտանգ չի սպառնում:

Ինչ վերաբերում է դիմակ կամ ձեռնոց կրելուն, ապա թոքաբանի խոսքով, դրանք մեզ վիրուսից չեն փրկելու, բայց ինչ-որ առումով նվազեցնում են վարակի տարածման հնարավորությունը: Այսինքն ՝ բոլոր դեպքերում պաշտպանիչ միջոցներ կրելը խրախուսվում է:

  • Կիսվել: