չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Բնագիտամաթեմատիկական ուղղություններով պետպատվերով տեղերի թիվը տարեցտարի ավելանում է. Անդրեասյան

Բնագիտամաթեմատիկական ուղղություններով պետպատվերով տեղերի թիվը տարեցտարի ավելանում է. Անդրեասյան

2025-2026 թվականի ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ բակալավրի և նաև ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է ընդհանուր առմամբ 3118 տեղ, և այստեղ 2118-ը հատկացվել են պետական և ոչ պետական հաստատություններին:  Այս  մասին այսօր քաղաքացիների հարցերին պատասխանելիս ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մնացածն արդեն միջպետական համաձայնագրերի շրջանակներում մեր պարտավորություններով է տրված: Պետք է նշեմ, որ այս 2118 տեղից 1273-ը՝ 61 տոկոսը, STEM ոլորտին է հատկացվել: Սա նախորդ տարվա և, ընդհանուր առմամբ, վերջին տարիների մեր քաղաքականությունն է շարունակում, և այդ իմաստով նաև մենք տարեցտարի ավելացնում ենք բնագիտամաթեմատիկական ուղղություններով պետպատվերով տեղերի թիվը, ինչը նշանակում է, որ մենք ոչ միայն չունենք կրճատում, այլև ունենք որոշակիորեն աճ»:

Նախարարի խոսքով՝ կրճատում առկա է վճարովի տեղերի թվում. «Մեր բուհերը ավանդաբար վճարովի տեղերի այնպիսի թվաքանակ էին հատկացնում, որը ընդունելության տեսանկյունից բոլորովին անտրամաբանական էր, սա վերաբերում էր նրան, որ մենք ընդունելության գործընթացի ավարտից հետո ունենում էինք ցուցանիշներ, որոնք չէին արտացոլում իրականությունը: 

Այս տարի մենք ունեցել ենք հստակ քաղաքականություն, որ վճարովի տեղերի տրամաբանությունը պետք է հիմնվի նախորդող տարիների ընդունելության արդյունքների վրա: 10000 ընդունելության վճարովի տեղ է սահմանվել, և, բնականաբար, կախված լիցենզիոն հնարավորություններից, դրանք բուհերում բաշխված են: Անվճար տեղերը ընդհանրապես չեն կրճատվել»:

  • Կիսվել: