ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բեյրութի պայթյունի զոհերի հիշատակին նվիրված քառասնօրյա հոգեհանգստի կարգ կատարվեց ՍԲ Սարգիս եկեղեցում

Բեյրութի պայթյունի զոհերի հիշատակին նվիրված քառասնօրյա հոգեհանգստի կարգ կատարվեց ՍԲ Սարգիս եկեղեցում

Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում քառասնօրյա հոգեհանգստի կարգ կատարվեց՝ ի հիշատակ օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի անմեղ զոհերի: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշեց, որ Լիբանանում կյանքը շարունակվում է և պետք է զոհերին միշտ հիշելով առաջ շարժվել:

«Մենք այսօր ոգեկոչեցինք զոհվածների և մանավանդ հայ զոհերի քառասնօրյա հոգեհանգիստը: Կյանքը շարունակվում է, մենք միշտ կհիշենք զոհերին, սակայն Լիբանանը և լիբանանահայությունը պետք է վերականգնվի` շնորհիվ բարեկամ պետությունների, սփյուռքահայ մեր եղբայրների բարոյական և նյութական սատարման: Դա խթան կլինի, որպեսզի պահենք մեր այնտեղի համայնքը և կարողանանք առաջ գնալ»,- ասաց Հակոբյանը:

 

«Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիրը նշեց, որ պայթյունի հետևանքով վիրավորների թիվն այս պահին հստակ չէ, նրանց մի մասը դեռ շարունակում է բուժումը հիվանդանոցներում, մի մասն արդեն դուրս է գրվել, իսկ ավելի ծանր վիրավորների շրջանում ժամանակ առ ժամանակ մահվան դեպքեր են արձանագրվում:

«Վիրավորների թիվը շատ անհստակ է, պայթյունի վիրավորների ընդհանուր թիվը շուրջ 5 հազար է: Մեծամասնությունն ապաքինված է, պատահում է, որ ծանր վիրավորներն իրենց հոգին են ավանդում, սակայն բուժման ընթացքը շարունակվում է: Կա գույքային մեծ վնաս, մարդիկ կան, որ անտուն են այսօր: Հուսամ, որ նրանց տներն էլ կվերականգնվեն»,- նշեց Սևակ Հակոբյանը:

  • Կիսվել: