երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
 «Best Life-ը» միշտ կանգնած է իր յուրաքանչյուր պացիենտի կողքին` մարդը չի կարող բուժօգնություն չստանալ միայն այն պատճառով, որ վճարունակ չէ. Խաչիկ Համբարձումյան

«Best Life-ը» միշտ կանգնած է իր յուրաքանչյուր պացիենտի կողքին` մարդը չի կարող բուժօգնություն չստանալ միայն այն պատճառով, որ վճարունակ չէ. Խաչիկ Համբարձումյան

Աշխարհում և Հայաստանում սրտանոթաբանության ոլորտում վերջին զարգացումների, սրտանոթային հիվանդությունների առանձնահատկությունների, դրանց բուժման արդի մոտեցումների, բժշկի կոչման և առաքելության, «Best Life» կլինիկայի մատուցած ծառայությունների և մի շարք այլ հարցերի մասին InfoPort.am-ը «Առողջապահություն» խորագրի ներքո զրուցել է «Best Life» հայ-ճապոնական ԲԿ-ի ինվազիվ սրտաբան, բուժկենտրոնի տնօրենի խորհրդական ԽԱՉԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ:

-Դոկտոր, ինչո՞ւ ընտրեցիք  «Best Life» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը:

-Մոտ երեք ու կես տարի առաջ էր` հիվանդանոցի հիմնադիրների հետ, որոնց հետ ունեմ նաև ընկերական հարաբերություններ, քննարկեցինք Հայաստանում սրտանոթային ոլորտում կոմպլեքս ծառայություններ մատուցող բուժկենտրոն ունենալու գաղափարը, որտեղ կկատարվեին սրտանոթային հիվանդությունների բուժման հետ կապված բոլոր գործողությունները` սրտի բաց, փակ վիրահատություններ, ստենտավորում, անգեոպլաստիկաներ, փականային վիրահատություններ, ինչը կհեշտացնի պացիենտների համապարփակ բուժօգնություն ստանալու հնարավորությունը և զերծ կպահի նրանց ավելորդ քաշքշուկներից: Որոշեցինք նաև, որ կենտրոնը պետք է ներառի և գիտահետազոտական ներուժ` այսինքն պրակտիկ և տեսական գիտելիքների սինթեզ պետք է լինի: Գաղափարը շատ դուր եկավ ինձ և որոշեցի միանալ թիմին:

-Ի՞նչ գանգատներով են ավելի շատ դիմում ձեր բաժանմունք:

-Սրտանոթային` դա սրտային սուր պաթոլոգիաներն են` սրտամկանի ինֆարկտ, սրտային սուր անբավարություն, կյանքին սպառնացող առիթմիաներ, զարկերակային բարձր ճնշման կրիզային ընթացքներ, փականային անբավարարություններով հիվանդներ, ոտքերի զարկերակների սուր խցանումներով պացիենտներ, շաքարային դիաբետի հետևանքով վնասված պերիֆերիկ զարկերակներով հիվանդներ:

-Բժշկին դիմելու կուլտուրան Ձեր կարծիքով մեր երկրում ի՞նչ մակարդակի վրա է:

-Շատ ցածր...Ինչպես ժողովուրդն է ասում, Հայաստանում մինչև դանակը ոսկորին չհասնի, բժշկին չեն դիմում: Դա նշանակում է մենք լուրջ անելիքներ ունենք այդ ոլորտում, հատկապես մեծ աշխատանք է պետք տանել մարզային բնակչության շրջանում:

-Ինչ կարծիքի եք բժշկությունը մասնագիտություն է, թե՞ կոչում:

-Ապրելակերպ է: Ավելի ընդգրկուն բնութագրեմ` դա կյանք է: Բժիշկի կյանքն մի առանձին հարթություն է: Բժիշկը իր կյանքը հարմարեցնում է իր մասնագիտության պահանջներին, որտեղ գերակա մասը զբաղեցնում է աշխատանքը, հետևաբար` դա ապրելակերպ է:

-Առհասարակ վերջին շրջանում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում նկատվում է սրտանոթային հիվանդությունների աճի տենդենց: Սա ինչո՞վ է պայմանավորված:

-Դա ունի բազմագործոն հիմնավորումներ, որովհետև նախ տասնամյակների դինամիկայում ընդլայնվել են ախտորոշման մեթոդները: Այսինքն մարդիկ, որոնք երեսուն տարի առաջ մահանում էին` քնում ` չէին արթնանում, չէին ախտորոշվում, թե մահն ինչից է վրա հասել: Բայց հիմա, դիագնոստիկայի թռիչքային զարգացման դարաշրջանում, հիվանդությունները կարելի է ավելի ճշգրիտ ախտորոշել: Ինչքան  ախտորոշման մեթոդները զարգանում են, այնքան հիվանդությունների հայտնաբերման ստատիստիկան աճում է: Եթե մեր երկրի օրինակով խոսենք` տասնհինգ տարի առաջ ամբողջ Հայաստանում սրտանոթային հիվանդություններով,  դրանց ախտորոշմամբ զբաղվող մեկ-երկու կենտրոն կար: Հիմա միայն Երևանում տասնմեկ, տասներկու կենտրոն կա:

Բայց այստեղ դեր ունի, իհարկե, կյանքի սթրեսայնության մակարդակի բարձրացման ֆակտորը, անառողջ սննդակարգը և ապրելակերպը:

-Բժշկի, հատկապես սրտանոթային վիրաբույժի գործունեության մեջ սխալը կարող է լինել ճակատագրական... Այս առումով վախեր ունեցել եք\ունե՞ք:

-Իհարկե, և ես հեռու եմ այն մտքից, որ ասում են` բժիշկը իրավունք չունի սխալվելու: Ո՞վ ասաց: Այդ մտայինությունը մեզ մոտ է ավելի շատ արմատացած: Օրինակ` իմ տեղեկություններով, վերջին շրջանում ԱՄՆ-ում բժիշկ/պացիենտ դատական հայցերի շրջանում գերակշռում են «բժիշկն ընդդեմ պացիենտի» հայցերը: Բայց մեր երկրում դա հակառակն է` դու հազարավոր կյանքեր կարող ես փրկել և մի դժբախտ միջադեպի պատճառով, երբ դիցուք տվյալ պացիենտը ամեն դեպքում դատապարտված էր մահվան, բժշկի տարիների վաստակը, կարիերան, ժողովրդի լեզվով ասած, վայրկենական «ընկնում են ջուրը»: Մեր երկրում այնպիսի կարծրատիպ է գերիշխում, որ բոլոր դեպքերում մեղավորը բժիշկն է: Բայց բժիշկը մարդ է, Աստված չէ, ամենափրկիչ չէ: Սակայն ինչ խոսք, եթե դժբախտ միջադեպը տեղի է ունենում բժշկի անփութության, ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով, դա դատապարտելի է միանշանակ:

-Դոկտոր, քիչ առաջ զրուցում էինք Ձեր կոլեգաներից մեկի հետ, ով նշեց, որ շատ հաճախ ՀՀ-ում ստենտավորումը ցուցվում է անպատեհ: Դուք այս առումով ինչ կարծիք ունե՞ք:

- Անկեղծ ասած, ես մի քիչ զերծ կմնամ նման որակումներից, որովհետև առանց այդ էլ մեր երկրում բժիշկներն ամենաթիրախավորված խավն են: Այդուհանդերձ, իհարկե, երբեմն նման դեպքեր լինում են, երբեմն գուցե ստենտավորման ցուցումը չարաշահվում է: Բայց միանշանակ ասել, որ դա մասսայական բնույթ է կրում, չեմ կարծում: Բիզնեսը բիզնես, բայց բժշկի համար պացիենտի կյանքը և առողջությունը առաջնային են:

-Դոկտոր, ի՞նչ մեթոդներով եք իրականացնում բուժումը և ախտորոշումը ձեր կլինիկայում:

-Մեր կենտրոնը, ինչպես նշվեց, հայ-ճապոնական է, և դրանով պայմանավորված տեխնիկապես լավ հագեցած` սկսած ստենտավորման գործիքներից, որոնք բացառապես աշխարհում մրցակիցը չունեցող ճապոնական արտադրանք են, վերջացրած նորագույն սերնդի անգեոգրաֆներով, նոր էխոգրաֆներով: Այդ նորագույն տեխնիկան հեշտացնում է բժշկի աշխատանքը և բարձրացնում աշխատանքի էֆֆեկտիվությունը:

-Կա՞ մի նշանաբան, որով առաջնորդվում եք ամեն անգամ վիրահատարան մտնելիս: Հատկապես, երբ խոսքը ծանր պացիենտի մասին է:

-Այո…Առաջ Աստված, հետո` ես:

-Կհիշե՞ք Ձեր առաջին վիրահատությունն ու ի՞նչ էմոցիաներ եք ունեցել:

-Այո, իմ առաջին վիրահատությունը կատարել եմ Գորիս քաղաքում: Միայնակ կատարած միջամտության մասին է խոսքը: Մինչ այդ եղբորս հետ միասին շատ ենք աշխատել: Ես մենակ էի, Երևանից երկու հարյուր հիսուն կիլոմետր հեռավորության վրա, հիվանդը Կապան քաղաքից էր: Սրտամկանային ստորին պատի սուր ինֆարկտ էր: Շատ ծանր վիճակով բերեցին նրան, բայց, փառք Աստծո, հաջողվեց փակ անոթը բացել և ստենտավորել: Երբ մենակ ես, կողքդ չկա մեկ այլ մասնագետ-սրտաբան, ռեանիմատոլոգ, հավատացեք շատ բարդ է` հույզերն ու լարվածությունը միախառնվել էին իրար: Բայց, փառք Աստծո, բարեհաջող ելքից հետո բացասական էմոցիաները վայրկենապես անհետացան ու մնաց միայն դրականը:

-Իսկ ինչո՞ւ ընտրեցիք հենց սրտաբանության ոլորտը:

-Ավագ եղբայրս սրտաբան է մասնագիտությամբ: Նրա գրքերը թերթելով, նրա հետ պարապելով, սրտաբանության մասին գիտելիքներ սերտելով, զգացի, որ այդ ոլորտը գրավել է ինձ, հատկապես այն պահը, որ արածիդ արդյունքը տեսնում ես վայրկենապես: Մարդիկ կիսամահացած գալիս են, ու երբ դու անոթը բացում ես, անմիջապես տեսնում ես դրական արդյունքը: Հավատացեք դա շատ տպավորիչ է, երբ ակնթարթի ընթացքում մարդը մահվան ճիրանից վերադառնում է կյանք:

-Եվ վերջին հարցը...ինչո՞ւ դիմել հենց ձեր բժշկական կենտրոն:

-Որվհետև մենք աշխատում ենք շաբաթը յոթ օր, օրը քսանչորս ժամ` մատուցելով համակցված բուժօգնություն սրտանոթային ոլորտի բոլոր հիվանդությունների պարագայում, որովհետև մեզ դիմելուց հետո պացիենտը ստիպված չի լինի դիմել այլ կլինիկաներ` հավելյալ բուժօգնություն ստանալու համար, բոլոր ծառայությունները կոմպլեքս նրան մատուցվելու են մեր կենտրոնում: Հայաստանում որևէ այլ տեղ նման սպասարկում նա ստանալ չի կարող, եթե խոսքը վերաբերվում է սրտանոթային ոլորտին: Բացի այդ «Best Life-ում» աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները: Եվ ամենակարևորը... Մեր ԲԿ-ում կա մի մոտեցում` անկախ պացիենտի սոցիալական, ֆինանսական վիճակից կենտրոնը կանգնած է հիվանդի կողքին, և մարդը չի կարող մահանալ, կամ չստանալ բուժօգնություն միայն այն պատճառով, որ վճարունակ չէ: Մենք պատրաստ ենք ընդունել և օգնություն ցուցաբերել բոլոր պացիենտներին...

 

  • Կիսվել: