երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Բազմափորձ դիվանագետի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում․ ՀՀ ԱԳՆ

Բազմափորձ դիվանագետի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցական հեռագիր է տարածել արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի մահվան կապակցությամբ։

«Խորը կսկիծով հայտնում ենք, որ 2021 թ. ապրիլի 11-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ով իր բազմամյա գործունեությամբ և հարուստ փորձով նշանակալի ներդրում է ունեցել ՀԽՍՀ և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական ծառայության կայացման գործում։

Արման Նավասարդյանը ծնվել է 1939 թ. Երևանում։ 1960 թ․ ավարտել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, իսկ 1976 թ․՝ ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։ 1973 թ․ ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ․ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԽՍՀՄ ԱԳՆ ստորաբաժանումներում և արտերկրում ԽՍՀՄ դիվանագիտական ծառայության մարմիններում։ 1991-1993 թթ. զբաղեցրել է ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարարի պաշտոնը։ 1993-1998 թթ. եղել է ՀՀ դեսպանը Ավստրիայում՝ համատեղության կարգով Հունգարիայում, ՀՀ ներկայացուցիչը ԵԱՀՄ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում, իսկ 1998-2001 թթ.՝ ՀՀ դեսպանը Լիբանանում։

Այնուհետև, Արման Նավասարդյանն իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցրել է երիտասարդ դիվանագետների ու քաղաքագետների պատրաստման գործին՝ դասախոսական աշխատանք կատարելով Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններում։ Արժեքավոր են նաև Արման Նավասարդյանի քաղաքական վերլուծությունները և հրապարակախոսական գործունեությունը։

Բազմափորձ դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Արման Նավասարդյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Նավասարդյանի հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը։

Արման Նավասարդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 13-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 14-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից»։

  • Կիսվել: