երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բազմադարյա պատմամշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա. Երևանում երկու երկրներին նվիրված աշխատաժողով անցկացվեց

Բազմադարյա պատմամշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա. Երևանում երկու երկրներին նվիրված աշխատաժողով անցկացվեց

 Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 21-ին Մատենադարանում անցկացվեց «Բազմադարյա պատմամշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա» խորագրով աշխատաժողովը:

Աշխատաժողովին ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին նշեց, որ 2022 թվականի ընթացքում սերտ կապեր են ստեղծվել «Օրբելի» վերլուծական կենտրոնի և իրանական կողմի միջև: Նրա խոսքով՝ հավաքական ջանքերի շնորհիվ վերլուծական կենտրոնը համագործակցության փաստաթղթեր է ստորագրել ԻԻՀ արտաքին գործերի նախարարության հետազոտությունների կենտրոնի, Կովկասյան հետազոտությունների ինստիտուտի հետ, ինչը կնպաստի Իրան-Հայաստան հարաբերությունների ավելի լավ ապագա կերտելուն:

«Մենք բարձր ենք գնահատում նաև Մատենադարանի գործունեությունը Իրան-Հայաստան մշակութային կապերի ասպարեզում: Տարվա ընթացքում թանգարանը մի շարք կարևոր ծրագրեր է իրականացրել հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Իրան-Հայաստան պատմամշակութային կապերին նոր բովանդակություն հաղորդելու համատեղ ջանքերն այն թեման է, որին անդրադառնալու ենք համաժողովին: Մինչ օրս ժամանակակից սերունդների համար ամենակարևոր հարցերից մեկը երկու երկրների միջև մշակութային ոլորտի փոխադարձ ճանաչման զարգացումն է»,-շեշտեց դեսպանը:

Աբբաս Բադախշան Զոհուրին ընդգծեց, որ համաժողովի ծրագրում ուշադրություն է դարձվել երկու երկրների ընդհանուր պատմական ժառանգությանը, կրոնական վայրերին, հատկապես Երևանում Կապույտ մզկիթի և Իրանում հայկական եկեղեցիների պահպանության պայմանների, պարսից լեզվի ուսուցման հարցին և երկկողմ հարաբերություններում շատ կարևոր ներդրում ունեցող գիտնականներին ու մտավորականներին:

 

«Կարևոր է, որ իրանցիներն ու հայերը կարող են ներկայացնել Կապույտ մզկիթի կարգավիճակը և մահմեդականների՝ Հայաստանում իրենց կրոնական ծեսերի ազատությունը որպես Հայաստանում հանդուրժողականության խորհրդանիշ, իսկ մյուս կողմից օրինակելի է հայկական եկեղեցիների կարգավիճակը և այն կարևորությունը, որն Իրանի կառավարությունն ու ժողովուրդն են տալիս այդ հարցին»,-շեշտեց Զոհուրին:

Անդրադառնալով իրանագիտությանը՝ նա նշեց՝ այն Հայաստանում բարձր մակարդակի վրա է: «Հայաստանի իրանագիտական կենտրոնները կարևոր դեր ունեն մեր՝ միմյանց ավելի լավ ճանաչելու գործում»,- ասաց դեսպանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանն էլ հիշեցրեց, որ Հայաստանն ու Իրանն ունեն հարյուրավոր տարիների ռազմական, քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի պատմություն ու, չնայած տարբեր ժամանակներում վայրիվերումներին, կապերը կառուցված են եղել փոխադարձ հարգանքի ու մշակութային հանդուրժողականության վրա:

«1990-ականների սկզբին՝ Հայաստանի համար դժվարին տարիներին, Իրանը դարձավ արտաքին աշխարհի հետ կապի մեր հիմնական ուղիներից մեկը: Հիմա ևս Իրանը Հայաստանի տնտեսական ու քաղաքական կարևոր գործընկերն է: Մենք  շեշտում ենք Իրանում ապրող հայերի նկատմամբ բարիդրացիական վերաբերմունքը, որի վկայությունը ծաղկուն հայկական համայնքն է և հայկական մշակութային ժառանգությունը, որը խնամքով պահպանվում է Իրանի կառավարության կողմից: Իրանի հայկական եկեղեցիներն ու դարերի պատմություն ունեցող նյութական ու հոգևոր նշանակություն ունեցող հուշարձաններն այդ ամենի վառ ապացույցներն են»,-նշեց Ծառուկյանն ու հավելեց՝ Հայաստանում ևս Իրանի նկատմամբ բարեկամական  վերաբերմունք կա ու մեր երկրում պահպանվում են իրանական մշակույթի նյութական ու հոգևոր կոթողներ, որոնց վառ օրինակը Երևանի կենտրոնի Կապույտ մզկիթն է ու Մատենադարանում պահվող տասնյակ ձեռագրերը:

Նա շեշտեց, որ միջոցառումն անցնում է տարածաշրջանային լարված իրավիճակում: «Վստահ եմ՝ բոլորը տեղյակ են, թե ինչպես են ադրբեջանցի «բնապահպանները» փակել Լաչինի միջանցքը՝ գոյաբանական սպառնալիք ստեղծելով Արցախում ապրող տասնյակ հազարավոր մարդկանց համար: Աննախադեպ այս քայլը առանձին իրավիճակային դրսևորում չէ. դա նախապես մշակված գործողություն է, որի նպատակը Արցախի հայերին իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքից զրկելն է: Սա նախկինում տեղի ունեցած քաղաքական ու մշակութային հալածանքի հերթական դրսևորումն է, որը նոր տեսք է ստացել ու նոր մարտահրավերների առջև կանգնեցրել Արցախի հայությանը, սակայն մենք պետք է չհուսահատվենք ու շարունակենք առաջ նայել՝ փորձելով գտնել բարդ խնդիրների լուծումները, այդ թվում երկու բարեկամ երկրների միջև կապերի էլ ավելի ամրապնդման միջոցով»,-եզրափակեց Գոռ Ծառուկյանը:

Հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ Մատենադարանում գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ են կազմակերպվել: «Մենք շատ ուրախ ենք նշելու, որ Մատենադարանում ձևավորվել է իրանագետների ամուր խումբ: Նրանք, շարունակելով մեր երախտավորների՝ Հակոբ Փափազյանի և այլ խոշոր իրանագետների ավանդույթները, այսօր վստահություն են ներշնչում, որ առաջիկայում ևս  այս կառույցում ապահովված է իրանագիտության փայլուն ապագան»,-շեշտեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Հաջորդ տարի նախատեսում են միջազգային ցուցահանդեսներ, գիտաժողովներ կազմակերպել, գրքեր հրատարակել՝ համագործակցելով տարբեր կենտրոնների հետ:

Մատենադարանի տնօրենը կարծում է՝ հայագիտությունն իրանում և իրանագիտությունը Հայաստանում անցել են մեծ ճանապարհ, և հասունանում է այն շրջանը, երբ պետք է խորացնել համատեղ հետազոտությունները,  հրատարակությունները: Այդպես հնարավոր կլինի ավելի լավ ճանաչել միմյանց:

Բացմանը ելույթներ ունեցան նաև ԱԳՆ սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների երրորդ բաժնի վարիչ Լիլիթ Սարգսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդ  Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային: Զեկույցներով հանդես եկան Մատենադարանի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի, Իրանի «Կովկասի հետազոտությունների ինստիտուտի» գիտաշխատողները:

Աշխատաժողովն անցկացվել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ:

  • Կիսվել: