չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բարձրագույն կրթության միջազգայնացումը՝ Կառավարության որդեգրած առաջնահերթություն

Բարձրագույն կրթության միջազգայնացումը՝ Կառավարության որդեգրած առաջնահերթություն

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկվել է ««Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2020 թ. մայիսի 29-ին: Մանրամասն ներկայացնելով ԱՊՀ ցանցային համալսարանների գործունեութան հիմնական ուղղությունները, որոնք կարգավորվում են համաձայնագրի դրույթներով, փոխնախարարը կարևորել է նորարարական կրթական տեխնոլոգիաների ներդրումը համատեղ կրթական ծրագրերով ուսուցման գործընթացում:

Ցանցային համագործակցության շրջանակում Հայաստանից ներառված են ԵՊՀ-ն, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Վերջին 10-11 տարիներին մեր երկրի շուրջ 120 ուսանողներ արդեն սովորել են ցանցային համալսարանի մաս կազմող բուհերում:

Եզրափակիչ ելույթում Արթուր Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով քննարկման համար, նշել է, որ մեր բուհերի բարձրագույն կրթության միջազգայնացումը Կառավարության որդեգրած առաջնահերթություններից է:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: