շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը Հայաստանը դիտարկում է հեռանկարային գործընկեր՝ ՏՏ և թվայնացման ոլորտներում

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը Հայաստանը դիտարկում է հեռանկարային գործընկեր՝ ՏՏ և թվայնացման ոլորտներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովայի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Նելս Սկոտը, ՄԱԿ ԵՏՀ ինովացիոն քաղաքականությունների մշակման բաժնի պատասխանատու Յակոբ Ֆեքսերը և այլք:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՄԱԿ ԵՏՀ-ի կողմից ստեղծված «Նորարարությունը Հայաստանի կայուն զարգացման համար» երկրորդ զեկույցը, որի մշակման աշխատանքները սկսվել են 2022 թվականից։

Զեկույցի մշակման փուլում ՄԱԿ փորձագետները 2022 թվականին մի շարք այցելություններ են ունեցել Հայաստան` ոլորտը ուսումնասիրելու և շահագրգիռ կազմակերպությունների հետ հանդիպելու նպատակով:

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի խոսքով՝ զեկույցում ներկայացվում են Հայաստանի ինովացիոն համակարգի հաջողությունները, հնարավորությունները և խոչընդոտները, ինչպես նաև ենթակառուցվածքների բարելավման միտումները։

Զեկույցի պաշտոնական շնորհանդեսը նախատեսվում է հունիսի 7-ին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, շնորհակալություն հայտնելով զեկույցի ստեղծման փուլում կատարած աշխատանքի համար, ընդգծել է տևական ու շարունակական համագործակցության անհրաժեշտությունը՝ վստահություն հայտնելով, որ սա երկու կողմերի փոխգործակցության նոր փուլի մեկնարկ է:

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ բարձրագույն կրթության և գիտության ոլորտը գտնվում է ինտենսիվ բարեփոխումների փուլում. «2021 թվականից սկսած՝ ՀՀ կառավարությունը գիտության ոլորտի զարգացման համար ամրագրել է շատ հստակ թիրախներ: Մասնավորապես, շարունակաբար՝ ամեն տարի, ավելացվում է գիտության ոլորտի ֆինանսավորումը: 2018 թվականի համեմատ՝ 2023 թվականին այդ ֆինանսավորումն ավելացել է ավելի քան 150 %-ով: Սա էական ավելացում է և ուղղված է գիտության ոլորտում ենթակառուցվածքների արդիականացմանը, երիտասարդ գիտնականների ներգրավմանը, միջազգային համագործակցության որակի բարձրացմանն ու աշխարհագրության ավելացմանը: Գիտության կոմիտեի կողմից իրականացվող ծրագրերին մասնակցող գիտնականների շուրջ 70 տոկոսը երիտասարդ է՝ մինչև 35 տարեկան»:

Անդրադառնալով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով գիտական գործունեության ոլորտում նախատեսված ծրագրերին՝ նշվել է, որ գլխավոր նպատակը հետազոտությունների խրախուսումն է։ Այս համատեքստում նախարարը կարևորել է ենթակառուցվածքների ստեղծումը, գիտական կազմակերպությունների՝ նորագույն սարքավորումներով համալրումը, գիտության մեջ երիտասարդների ներգրավումը և արտերկրի հեղինակավոր կառույցների հետ համագործակցությունը:

Անդրադարձ է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ձևավորմանը։ Նշվել է՝ նոր կառույցի ստեղծման նպատակը ոլորտի կառավարման արդյունավետության բարելավումն է, որը սերտորեն փոխկապակցված է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքների հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև «Ակադեմիական քաղաք»  ծրագրի իրագործմանը։

«Այս գործընթացում մեզ համար շատ կարևոր է միջազգային գործընկերների աջակցությունը, մասնավորապես, նախատեսում ենք ոլորտային առաջատար բուհերի հետ մշակել ինչպես ակադեմիական ծրագիրը, այնպես էլ ինովացիաների կառավարման համակարգը»,-ասել է նախարարը։

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Հայաստանը դիտարկում են որպես նորարարությունների, ՏՏ և թվայնացման ոլորտներում հեռանկարային գործընկեր, որտեղ համագործակցության մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև համատեղ իրականացվող այլ ծրագրերի ու կարևորվել մի շարք ուղղություններով համագործակցության շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը:

  • Կիսվել: