հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել

Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել

Ադրբեջանական ավելի քան 5 տարվա գերությունից հետո Հայաստան վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար հրատապ դրամահավաք է հայտարարվել։ Այն կազմակերպում է «Աղմուկ» կոլեկտիվը։
 
Ինչպես նշված է դրամահավաքի էջում, Վիգենը գերության ընթացքում առողջական մի շարք խնդիրներ է ձեռք բերել, նրան հաշմանդամության 3-րդ կարգ է տրվել, հիմա նա համալիր բուժման կարիք ունի։
 
«Ծանր քրոնիկ հիվանդությունների, սահմանափակ շարժունակության, լսողության կորստի և սիրտ-անոթային ռիսկերի պատճառով՝ նա շարունակում է բախվել լուրջ դժվարությունների առօրյա կյանքում և աշխատանքային հարցերում։ Չնայած պետական մարմիններին ուղղված բազմաթիվ դիմումներին՝ Վիգենը չունի կայուն կացարան և ապավինում է ընկերների ու հարազատների աջակցությանը:
Լիբանանում բնակվող նրա ընտանիքը դժվարությամբ է հոգում Վիգենի բժշկական ծախսերը, քանի որ ՀՀ կառավարությունը մինչ օրս չի տրամադրել համապատասխան վերականգնողական և բնակարանային աջակցություն։
 
Վիգենին անհրաժեշտ է վարձակալել հարմարեցված բնակարան Երևանում՝ հիվանդանոցի մոտակայքում։ Բնակարանի մեկ ամսվա վարձակալության գումարն ու կոմունալ վճարները միասին կազմում են մոտ 700 դոլար։ Հանգանակության նպատակն է ապահովել 6 ամսվա բնակարանային ծախսերը։ Նշվում է, որ բուժման ընթացքից և ապաքինման կարիքներից կախված՝ հնարավոր է նոր հանգանակության կարիք լինի»,- նշված է էջում։
 
Նշենք, որ Էուլջեքչյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր։ Նա ունի զարկերակային բարձր ճնշում, սրտի հիվանդություն և ոսկրային ցավեր։
Հիշեցնենք` հունվարի 14–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին և Վագիֆ Խաչատրյանին:
 
Վիգեն Էուլջեքչյանը (ծնված 1979 թ.) առևանգվել ու գերեվարվել էր 2020 թ․ նոյեմբերի 10-ին Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ։ 2021 թ. Էուլջեքյանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով։

  • Կիսվել: