կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բացահայտվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի 98-ամյա վարձակալության մանրամասները

Բացահայտվել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի 98-ամյա վարձակալության մանրամասները

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

 
 

www.TheCaliforniaCourier.com
 

Վերջին ամիսներին ինձ դիմել են բազմաթիվ ընթերցողներ և խնդրել գրել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից Հայկական թաղամասի շուրջ 25 տոկոսը հրեա ներդրողին 98 տարով վարձակալության տալու վերաբերյալ վեճի մասին: Սակայն քանի որ վարձակալության պայմանագրի մանրամասները չէին հրապարակվել, ես չէի կարող գրել այդ մասին:

Փորձելով տեղեկանալ փաստերին՝ երկու անգամ զանգահարեցի Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանին՝ խնդրելով պայմանագրի պատճենը։ Նա չարձագանքեց։ Ես խոսեցի այժմ կարգալույծ արված, պայմանագիրը ստորագրողներից մեկի՝ հայր Պարետ Երեցյանի հետ, որն ասաց, որ պայմանագրի պատճենը չունի։ Մի քանի անհաջող փորձ արեցի կապ հաստատել որոշ փաստաբանների հետ, որոնք փաստահավաք առաքելությամբ գնացել էին Երուսաղեմ և պատրաստել 184 էջանոց զեկույց։ Ինձ ասացին, որ զեկույցը չի հրապարակվում, քանի որ այն պարունակում է որոշակի զգայուն տեղեկատվություն: Ես կապ հաստատեցի նաև Երուսաղեմում գտնվող հայ գործչի և փաստահավաք առաքելության հովանավորներից մեկի հետ։

Թեև ես դեռ չեմ տեսել ոչ զեկույցի, ոչ էլ պայմանագրի պատճենները, բայց նոր կարդացի մի բացահայտող հոդված «Գեղարդ» կայքում, որը զետեղել էր հարցազրույց Երուսաղեմի հայ գործչի հետ, որն ուներ 184 էջանոց զեկույցի պատճենը, ներառյալ պայմանագիրը, նվազ  էջերից մեկը, սակայն որոշեցի գրել այն մասին, ինչ իմացել եմ մինչ այժմ, չնայած նախընտրում եմ անձամբ ուսումնասիրել պայմանագրի և զեկույցի պատճենները:

Նրանց համար, որոնք հետևել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հետ կապված տարբեր սկանդալներին, զարմանալի ոչինչ չկա՝ տխուր է, բայց ոչ զարմանալի: Պատրիարքարանին պատկանող հողատարածքների քողարկված վարձակալությունները և թանկարժեք գույքերի վաճառքները շարունակվում են տասնամյակներ ի վեր։

Ներկայիս այս սկանդալը պարզ կասկածելի բիզնես գործարք չէ։ Այն ունի քաղաքական հետևանքներ՝ հաշվի առնելով Երուսաղեմի շուրջ պաղեստինցիների և Իսրայելի պետության միջև վեճերը: Այն նաև հետևանքներ ունի Երուսաղեմի նվազող հայ համայնքի գոյատևման համար:

Վարձակալության պայմանագիրը ստորագրել են երեք հոգևորականներ՝ Նուրհան պատրիարք Մանուկյանը, այժմ կարգալույծ արված հայր Պարետ Երեցյանը և Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը։ Քանի որ պատրիարքարանի անշարժ գույքի գրասենյակի նախկին տնօրեն հայր Պարետը ենթարկվել է բուռն քննադատության, շատերը կարծում են, որ պատրիարքը փորձել է մեղքը բարդել հայր Պարետի վրա՝ նրան դարձնելով քավության նոխազ։ Այնուամենայնիվ, Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը, որը պատմականորեն Երուսաղեմի սրբավայրերի պահապանն է, և Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը համատեղ հայտարարությամբ մեղադրել են պատրիարքին և կասեցրել արքեպիսկոպոս Մանուկյանի որպես Հայոց պատրիարք իրենց ճանաչումը՝ Երուսաղեմի հայկական եկեղեցում, Սուրբ Երկրում և Հորդանանում։

Երուսաղեմի հայ գործիչ Հակոբ Ջերնազյանը «Գեղարդ»-ին ասաց, որ ավստրալիացի հրեա ներդրող Ռուբինշտեյն/Ռոթմանը ծրագրում է յոթ աստղանի հյուրանոց կառուցել «Կովերի պարտեզում»՝ Հայոց պատրիարքարանից վարձակալած հողատարածքում։ Վարձակալությամբ տրված կալվածքի չափը կազմում է 11500 քմ է։ Պատրիարքարանին տրվող տարեկան վճարը 300 հազար դոլար է։ Սակայն հայր Պարետն ինձ ասաց, որ եկամուտը կկազմի հյուրանոցի շահույթի 5 տոկոսը, որը կարող է տարեցտարի փոփոխվել: Ջերնազյանը տեղեկացրեց, որ վարձակալված հողատարածքը ներկայումս ներառում է հինգ հայկական տուն, պատրիարքի այգին, պատրիարքի մասնավոր ավտոկայանատեղին, ինչպես նաև ճեմարանի դահլիճը։ Առաջին 49 տարվա վերջում գնորդը հնարավորություն ունի երկարաձգել վարձակալությունը ևս 49 տարով:

Ջերնազյանը նաև բացատրեց, որ իրավաբանները պայմանագրի պատճենը ձեռք են բերել անհայտ երրորդ անձից՝ ոչ պատրիարքարանից և ոչ Երուսաղեմի քաղաքապետարանից, սակայն նա պնդում է, որ պայմանագիրը իրական է, քանի որ «մենք կարողացանք այն հաստատել պատրիարքարանի հետ»:

Պատրիարք Մանուկյանը, աշխարհասփյուռ հայության ճնշման տակ, խոստացել է չեղարկել պայմանագիրը, սակայն միակողմանի չեղարկումը կարող է հանգեցնել իրավական մարտահրավերների և ֆինանսական տույժերի: Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ պատրաստ է վճարել չեղարկման համար տուգանքը։ Այնուամենայնիվ, Ջերնազյանը կարծես թե տեղյակ չէ այդ խոստումից, քանի որ նա ասել է «Գեղարդ»-ին՝ «Եթե փողի կարիք լինի, վստահ եմ, որ պատրիարքարանը, համայնքը և հայ ժողովուրդը միասին կաշխատեն հավաքել պահանջվող գումարը՝ չեղյալ համարելու տույժը վճարելու համար»:

Ըստ Ջերնազյանի՝ մի քանի խնդիր կա պայմանագրի հետ կապված.

1) Այն խախտում է պատրիարքարանի կանոնադրությունը.

2) Պայմանագրի ամսաթիվը փոխվել է 2021 թվականի հուլիսի 7-ից հուլիսի 8-ի, որպեսզի արտացոլի ներդրողի՝ Xana Gardens Limited ընկերության Իսրայելում գրանցման ամսաթիվը: Հայր Պարետն այդ անհամապատասխանությունը բացատրեց որպես հասարակ տպագրական սխալ:

Պարզ չէ, թե որոնք են այս կնճռոտ հարցի լուծման հաջորդ քայլերը։ Ճանապարհներից մեկը կլիներ այն, որ Երուսաղեմի հայ համայնքը վարձեր իսրայելցի  փաստաբաններ՝  պատրիարքին կամ հրեա ներդրողին դատի տալու համար, սակայն, պատրիարքից և հրեա ներդրողից բացի, ոչ ոք օրինական իրավունք չունի դատարանում:

Հաշվի առնելով աշխարհում Երուսաղեմի նշանավորությունը և Սուրբ քաղաքում հայկական ներկայության կարևորությունը չորրորդ դարից ի վեր՝ այս վարձակալությունը հետաքրքրում է աշխարհասփյուռ հայությանը, ինչպես նաև պաղեստինցիներին, Իսրայելի պետությանը և Հորդանանի թագավորին:

Այնուամենայնիվ, մի կողմը, որից ոչինչ չենք լսել, Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, որը կարող էր պաշտոնապես կապ հաստատել Իսրայելի հետ՝ իր ցանկությունները հայտնելու համար: Սակայն, Հայաստանի ղեկավարները խիստ զբաղված են՝ հաշվի առնելով Արցախում։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

  • Կիսվել: