ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ ԿԳՄՍ մշտական հանձնաժողովը համաձայնություն է տվել Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման օգտագործման ոլորտի համաձայնագրին

ԱԺ ԿԳՄՍ մշտական հանձնաժողովը համաձայնություն է տվել Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման օգտագործման ոլորտի համաձայնագրին

««Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրի հիմքում է խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում բազմակողմ համագործակցության իրավական եւ կազմակերպական հիմքերը սահմանելը, ինչպես նաեւ համատեղ տիեզերական գործունեության որոշակի ուղղությունների մասով համաձայնագրեր ու այլ պայմանավորվածություններ մշակելու եւ դրանք կողմերի ու համատեղ գործունեության մասնակիցների միջեւ կնքելու համար իրավական հիմքի ստեղծմանն աջակցելը: Այս մասին  տեղեկացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 4-ին հրավիրած արտահերթ նիստի ժամանակ:

Հանձնաժողովը քննարկել է ««Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Փաստաթուղթը 2018 թ. նոյեմբերի 2-ին ստորագրել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության եւ Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունները:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թ. սեպտեմբերի 20-ից:

Այն վավերացրել են Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի հանրապետությունները, Ռուսաստանի Դաշնությունը:

Հարակից զեկուցող Նարեկ Բաբայանը հայտնել է, որ համաձայնագրում որեւէ խնդրահարույց դրույթ չկա, եւ նպատակահարմար է Հայաստանի կողմից այն վավերացնելը:

Պատգամավորը նաեւ հայտնել է, որ այս համաձայնագրին Ադրբեջանն առնչություն չունի:

««Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն նախատեսվում է քննարկել հուլիսի 6-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ:

  • Կիսվել: