ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն-2023» մրցանակաբախշություն

«Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն-2023» մրցանակաբախշություն

Հունիսի 18-ին՝ բուժաշխատողի միջազգային տոնին ընդառաջ «Հանրային վարկանիշ» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն-2023» մրցանակաբախշությունը: Լավագույն հնարավորություն՝ ևս մեկ անգամ սպիտակ բանակի ներկայացուցիչներին, Հիպոկրատի երդվյալներին ասելու՝ «Շնորհակալություն բժիշկ...»: Միջոցառում, որ հայ բժշկի անչափելի նվիրման գնահատանքն է, երախտիքը ազգային բժշկի վեհ կերպարի ստեղծման և առողջ հասարակություն ձևավորելու համար:

Մրցանակաբաշխության համար հիմք են ծառայել «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումները և փորձագիտական եզրակացությունները։

Միջոցառման անվանակարգերում ներկայացված էին անհատ բժիշկներ և բուժհաստատություններ ինչպես Երևանից, այնպես էլ հանրապետության մյուս մարզերից:

«Մարդասիրության առաքյալ» անվանակարգում «Ազգային բժիշկ» մրցանակը շնորհվեց «Նորք-Մարաշ» ԲԿ-ի սրտային վիրաբույժ, Հայաստանի ազգային հերոս Հրայր Հովագիմյանին, «Հանու՛ն կյանքի» մրցանակը՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի։ «Վստահելի մանկաբարձ-գինեկոլոգ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Բեգլարյան» բժշկական կենտրոնի գիտական գծով խորհրդական, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանը, «Բժշկական կրթության կազմակերպման մեջ անուրանալի ավանդ և ներդրում» անվանակարգում՝ Էրեբունի բժշկական ակադեմիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բ.գ.դ. Ալինա Քուշկյանը, «Բարձրակարգ բուժսպասարկման վարկանշային բժշկական պոլիկլինիկա» անվանակարգում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, թերապևտ Գայանե Մարտիրոսյանը: «Վարկանշային, վստահելի և նորարար բժիշկ-օրթոպեդ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Նաիրի» ԲԿ-ի վնասվածքաբանության և օրթոպեդայի ծառայության ղեկավար Զավեն Մելիքյանը, իսկ «Առաջատար վերականգնողական կենտրոն» անվանակարգը «Կարապետյան վերականգնողական կենտրոնի» տնօրեն Արայիկ Կարապետյանինն էր: Ըստ արժանվույն գնահատվեց ժամանակակից մոտեցումների և արդիական պահանջներին համապատասխանությունը՝ «Էսթետիկ բժշկության մեջ ուրույն հետագիծ» անվանակարգում «Ազգային բժիշկ» մրցանակը շնորհվեց «Արդանի» էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի կենտրոնի տնօրեն Անուշ Ալոյանին, իսկ «Միջազգային չափանիշներին համապատասխան ինովացիոն ստոմատոլոգիական և էսթետիկ կենտրոն» անվանակարգում «Վիվալդի» ստոմատոլոգիական կլինիկային: «ՀՀ ակնաբուժության ոլորտում միջազգային ստանդարտների ներդրում և ավանդ» անվանակարգում մրցանակը Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ Ակնաբուժության ամբիոնի վարիչ Լիլիթ Ոսկանյանին է, իսկ «Օպտիկայի ոլորտում 25-ամյա հետագիծ» անվանակարգում՝ «Լույս օպտիկ» ընկերությունը՝ ի դեմս հիմնադիր-տնօրեն Արթուր Պետրոսյանի: «Աստղիկ» բժշկական կենտրոնը ներկայացնող կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի վարիչ, էսթետիկ գինեկոլոգիայի ծառայության ղեկավար Աննա Տողրամաջյանը մրցանակի արժանացավ «Մոր և մանկան առողջության պահպանման նվիրյալ», իսկ դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժ Արմեն Հարությունյանը «Պլաստիկ վիրաբուժության ոլորտում ուրույն ոճ և ձեռագիր» անվանակարգում: «Տարվա դեղատների ցանց» անվանակարգում ներկայացված էր «Նատալի ֆարմ» դեղատների ցանցը։

Կարևորելով մարզային բժշկությունը և առողջապահության ապակենտրոնացումը Երևանում՝ «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն-2023» մրցանակաբախշության շրջանակում «Գերժամանակակից իմպլանտոլոգիայի կենտրոն» անվանակարգում «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակը շնորհվեց «Մուրադենտ» ստոմատոլոգիական կենտրոնին, «Ընտանեկան բժշկության զարգացման լավագույն օրինակ» անվանակարգում՝ «Վարդապետյան» ընտանեկան բժշկության կենտրոնի հիմնադիր Կորյուն Վարդապետյանին: «Մարզային բուժսպասարկման առաջատար կենտրոն» անվանակարգում՝ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Արամ Նիկողոսյանին, «Մարզային առաջատար ախտորոշիչ բժշկական կենտրոն» անվանակարգում՝ «Մահտեսյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Վազգեն Մահտեսյանին և «Կյանքի պահպանման փրկօղակ և առաջատար բժշկական կենտրոն» անվանակարգում «Վարդենիսի բժշկական կենտրոնի» տնօրեն Շահեն Շահինյանին:

«Բժշկական սարքավորումների ներմուծման, վաճառքի և սպասարկման ոլորտում վստահելի գործընկեր» անվանակարգում «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակը շնորհվեց «Սթերի գրուպ» ընկերությանը:

Միջոցառման աջակիցներ «Կալիստա վոյաժ», «Մեդ Պրակտիկ», «Անի Դեկոր», «Լայֆ Արմենիա» ընկերությունները, Երևանի «Շամպայն-գինինիների գործարան» ԲԲԸ-ն արժանացան շնորհակալագրերի:

Առաջատար բժիշկներին և բժշկական կենտրոններին մրցանակները հանձնեցին ոլորտների առաջատարները, արվեստի, մշակույթի, ԶԼՄ կարկառուն ներկայացուցիչները և բուժառուները:  

Միջոցառման ավարտին մասնակիցներին սպասվում էր հաճելի անակնկալ «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբախշության գործընկեր ավիափոխադրող «Կալիստա վոյաժ» ընկերության կողմից. խաղարկության արդյունքում միջոցառման մեկ մասնակից շահեց երկու հոգու համար նախատեսված ավիատոմս դեպի հեքիաթային Աբու Դաբի:

  • Կիսվել: