հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ազդարարվել է «Նվիրիր կարդալու րոպեներ» ծրագրի մեկնարկը

Ազդարարվել է «Նվիրիր կարդալու րոպեներ» ծրագրի մեկնարկը

«ԼՈՖԹ» կենտրոնում այսօր ազդարարվել է «Նվիրիր կարդալու րոպեներ» ծրագրի մեկնարկը: Ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և «ԼՈՖԹ» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման եռակողմ հուշագիր:

Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և «ԼՈՖԹ» Հ/Կ նախագահ Արևիկ Համբարձումյանը: Հուշագրով նախատեսվող ծրագիրը կմեկնարկի Լոռու մարզի Վանաձոր քաղաքից, որտեղ ներկայումս անապահով ընտանիքներում հաշվառված է 5634 աշակերտ։

Նախագծի իրագործման առաջին տարվա ընթացքում Վանաձորում ապրող անապահով ընտանիքներից շուրջ 1000 աշակերտ կստանա դեպոզիտային նվեր-քարտեր (դոնոր կառույցների ֆինանսական աջակցությամբ)՝ Վանաձորի «ԼՈՖԹ» կենտրոն այցելելու և հարմարավետ միջավայրում գիրք ընթերցելու, հասակակիցների հետ մեկ տարածքում շփվելու համար։ Ծրագրի ամբողջական իրագործման համար անհրաժեշտ կլինի նվիրատվությունների շեմը հատել 36 մլն դրամը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է «Նվիրիր կարդալու րոպեներ» նախաձեռնության կարևորությունը՝ արձանագրելով, որ Վանաձորի «ԼՈՖԹ»-ը ԿԳՄՍ նախարարության և «ԼՈՖԹ» Հ/Կ-ի համատեղ նախաձեռնությունն է: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ նախարարությունը մարզերում երիտասարդական միջավայրերի և կրթամշակութային ծրագրերի ակտիվացման քաղաքականություն է վարում, որի շրջանակում էլ ձևավորվում են երիտասարդական կենտրոններ:

«Անչափ կարևորում ենք, որ այդ նախաձեռնությունը չլինի միայն պետության կողմից արվող գործ: Փորձը ցույց է տալիս, որ նման պարագայում հնարավոր է ձևավորվեն գեղեցիկ միջավայրեր, սակայն չենք ունենա ամենակարևորը՝ հանրային այն մասնակցությունն ու ակտիվությունը, որոնք այդ գեղեցիկ շենքերն ու շինությունները վերածում են կենդանի և ապրող միջավայրերի: Մեր երիտասարդները հաճախում են այդ կենտրոններ, որտեղ կարողանում են նաև իրենց զարգացնող միջավայր ունենալ, վստահել իրենց ուժերին, առաջ գնալ, նոր գաղափարներ և ծրագրեր իրագործել: Կարևորում եմ, որ այս համատեղ նախաձեռնությունը զարգացում ունի, և մենք գնալու ենք դեպի առավել մեծ ներառականության՝ ընդգրկելով ավելի մեծ թվով երեխաների և երիտասարդների»,- ասել է նա:

Նախարարը հավելել է, որ երիտասարդական կենտրոնների բացման քաղաքականությունը շարունակվում է, և մյուս ամիս արդեն մասնավոր հատվածի համագործակցությամբ կենտրոններ կբացվեն Իջևանում և Մեղրիում. «Ամեն տարի պլանավորված է նոր կենտրոնների բացում, և հույս ունեմ, որ այսօրվա ծրագիրը հնարավորություն կտա այն որպես փորձառություն կիրառել նաև մյուս կենտրոնների պարագայում՝ դրանք դարձնելով առավել ներառական և մասնակցային»:

Ընդգծելով գործընկեր գերատեսչությունների հետ ոլորտային արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտել է նմանօրինակ հուշագրերի դերը։

«Մեզ համար առավել քան կարևոր է, որ այդ փաստաթղթերը չլինեն լոկ հուշագրեր, այլ դրանցում սահմանված յուրաքանչյուր նպատակ ու ուղղություն ցանկալի վերջնարդյունք ունենան։ Անչափ կարևոր է, որ շահառուներին փոխանցենք մի բան, որը համագործակցության փաստաթղթի ժամկետը լրանալուց հետո էլ նպաստի մասնագիտական հմտությունների զարգացմանն ու նրանց կյանքի որակի բարձրացմանը։ Վստահ եմ՝ երեխաներն արդյունավետ կօգտագործեն իրենց տրված հնարավորությունն ու «Նվիրիր կարդալու րոպեներ»-ի արդյունքը բոլորիս համար շոշափելի ու տեսանելի կլինի արդեն մոտ ապագայում»,- նշել է նախարարը։

«Երեխան, գտնվելով նորարարակական, տեխնիկապես հագեցած, հարմարավետ ու ապահով միջավայրում, կկարողանա իր ժամանակն օգտագործել ինքնակրթվելու, զարգանալու, իր հասակակիցների հետ շփվելու համար, ինչպես նաև հնարավորություն կստանա ցուցաբերել իր տաղանդն ու ունակությունները։ Մեր նպատակն է նախագծի միջոցով խթանել ընթերցանությունը, պատանիների և երիտասարդների շրջանում ամրացնել միջանձնային շփումները, մարզային կյանքի հետաքրքրության և բովանդակային որակը բարձրացնել նոր մակարդակի, նպաստել երեխաներին մասնագիտական կողմնորոշման հարցում։

Այս առաքելության իրագործման համար նախագծին միացել են խոշոր ընկերություններ՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն, որի համար շնորհակալ ենք։ Կարծում եմ՝ ծրագրի իրագործման փուլում գործընկերային հարաբերությունների շրջանակը մեծանալու է այնքան, որ 5000-ից ավելի երեխա հնարավորություն ունենա օգտվելու ծրագրի հնարավորություններից»,- նշել է «ԼՈՖԹ» ՀԿ-ի նախագահ, ծրագրի ղեկավար Արևիկ Համբարձումյանը: Նշենք, որ ծրագրի նպատակն է ապահովել մարզերում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ինքնազարգացումը, խթանել ոչ ֆորմալ կրթությունը, սոցիալիզացումն ու ներառականությունը։

  • Կիսվել: