Աղոթք բարձրացրեցինք Բաքվում գերեվարված հայորդիների ու նրանց սիրելիների համար. Վեհափառ Հայրապետ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով այցելել էր Հաղթանակի զբոսայգի, ծաղիկներ խոնարհել ու աղոթք բարձրացրել առ Աստված։
Վեհափառ Հայրապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի, Շուշիի ազատագրման, Պաշտպանության բանակի հիմնադրման հիշատակության նվիրական այս օրը հոգևոր դասի հետ աղոթք բարձրացրեցին Անմար կրակի առջև՝ հայրենական պատերազմում ու արցախյան գոյամարտում զոհված քաջարի զավակների և Բաքվում պահվող գերեվարված հայորդիների ու նրանց սիրելիների համար։
«Աղոթք բարձրացրեցինք՝ հայցելով երկնավորից նաև, որ զորացնի մեր ժողովրդին՝ դիմագրավելու իր կյանքի բոլոր դժվարությունները, առկա բոլոր մարտահրավերները դիմակայի մեր քաջարի զավակների արիության ոգով և առ հայրենին սիրով կերտի, բարեշեն դարձնի հայրենի մեր երկիրը։ Թող Աստծո սերը, շնորհը միշտ ուղեկից լինեն մեր ազգին այսօր և հավիտյան։
Այս առիթով մեր շնորհավորանքն ենք բերում մեր սիրելի ժողովրդին՝ նվիրական այս օրվա կապակցությամբ»,- նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։