հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այս ժամանակավոր բացասական եկամտաբերությունը հետագայում շատ ավելի մեծ եկամուտներ է մեզ բերելու. Ներսես Երիցյանը՝ Կենսաթոշակային ֆոնդերի մասին

Այս ժամանակավոր բացասական եկամտաբերությունը հետագայում շատ ավելի մեծ եկամուտներ է մեզ բերելու. Ներսես Երիցյանը՝ Կենսաթոշակային ֆոնդերի մասին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի խորհրդի անդամ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ժամանակ անդրադարձել են այս տարվա երկրորդ եռամսյակում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության բացասական միտումների պատճառներին։

«Այս ժամանակավոր բացասական եկամտաբերությունը հետագայում շատ ավելի մեծ եկամուտներ է մեզ բերելու, որովհետև երբ փայի արժեքն իջել է, հաշիվներին մեր վճարած դրամով գումարի դիմաց ավելի շատ փայեր ենք գնում: Եվ երբ տոկոսադրույքները նորից սկսեն իջնել, իսկ աշխարհն այդպես է՝ ամեն 5-10 տարին մեկ տոկոսադրույքները բարձրանում և իջնում են, իջնելու պարագայում այդ ցածր գնով գնած ակտիվներն արժևորվելու են և շատ ավելի մեծ եկամտաբերություն են ապահովելու»,- մեկնաբանել է Ներսես Երիցյանը։

Աշոտ Խուրշուդյանը, անդրադառնալով ֆոնդերի եկամտաբերության բացասական միտումներին, ներկայացրել է մի քանի գործոններ. «Առաջինը՝ տոկոսադրույքների բարձրացումն է և՛ Հայաստանում, և՛, երկրորդը, ամբողջ աշխարհում։ Եվ երրորդը՝ դրամի արժևորումն է։ Մարդիկ մեծ թիվ են տեսնում իրենց հաշիվներում և անհանգստանում՝ մինուսը մեծ է։ Առաջ իրենց կուտակումները քիչ էին ու չէին նկատում։ Բայց տատանումներ միշտ են եղել։ Եվ հիմա ցանկացած տատանում նրանք բացարձակ թվով ավելի մեծ են տեսնելու՝ և՛ օգուտը, և՛ վնասը, քանի որ արդեն իսկ կուտակած գումարը՝ փայը, շատ մեծ է, քան այն գումարը, որ ամեն ամիս կուտակում ենք: Այս պահին առաջին իսկական տուժողները նրանք են, ովքեր ունենալով հավասարակշռված կամ պահպանողական կուտակային պլան՝ վազեցին ու միանգամից փոխեցին ֆիքսվածի: Նրանք տուժեցին, քանի որ բաժնեմասը հիմա շատ էժան վաճառեցին ու գնեցին այլ գործիք, որն ավելի քիչ տոկոս է բերելու ապագայում»։

ԿԲ նախագահի տեղակալը, անդրադառնալով հնչող տեսակետներին, թե ԿԲ կողմից տոկոսադրույքների բարձրացումն է պատճառ հանդիսացել ֆոնդերի եկամտաբերության անկմանը, նշել է. «Գնաճը բարձր է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, և ԿԲ–ն տոկոսադրույքով արձագանքել է: Գնաճն իր թիրախին է վերադառնալու, ըստ մեր քաղաքականության, և այդ ժամանակ մենք սկսելու ենք տոկոսադրույքները նվազեցնել։ Դրա համար ենք ասում՝ եկամտաբերության նվազումը ժամանակավոր է։ Կարևոր է նաև, որ մեր կուտակած միջոցների գնողունակությունը պահպանվի երակարաժամկետում, որ կարողանանք նույն ապրանքները գնել: Տոկոսադրույքների նվազեցումից հետո իմ բացատրած այդ բոլոր օգուտները միանգամից ունենալու ենք։ Պորտֆելների մեջ դրված է եկամուտը և այն ոչ մի տեղ չի կորչելու»։

  • Կիսվել: