երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
ՊՆ-ն այն մասին, թե ի՞նչ է անում, որ անձնակազմ տեղափոխող մեքենաների ղեկին համապատասխան կարգով և փորձառությամբ վարորդներ լինեն

ՊՆ-ն այն մասին, թե ի՞նչ է անում, որ անձնակազմ տեղափոխող մեքենաների ղեկին համապատասխան կարգով և փորձառությամբ վարորդներ լինեն

Նախորդ ամիս Սյունիքում ձորն ընկած զինվորական «Ուրալ»-ի դեպքին անդրադառնալիս «Ազատություն»-ը հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն։ «Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր, թե ի՞նչ է անում ռազմական գերատեսչությունը, որ զինվորական անձնակազմ տեղափոխող մեքենաների ղեկին ոչ թե նորակոչիկները նստեն, այլ վարորդական համապատասխան կարգով (D և D1 ենթակարգ) և փորձառությամբ վարորդներ:

Ապրիլի 23-ին ՊՆ ուղարկած հարցմանը գերատեսչությունից պատասխանել են 15 աշխատանքային օր անց։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ համաձայն կանոնակարգի՝ անձնակազմի տեղափոխումն իրականացվում է հատուկ կահավորված բեռնատար ավտոմեքենաներով, ավտոբուսներով և մարդատար մեքենաներով։

Իսկ անձնակազմ տեղափոխելու դեպքում բեռնատար մեքենաներ կառավարել թույլատրվում է «C» կարգի տրանսպորտային միջոցների վարորդներին շարասյունում, որոնք զորամասում անցել են լրապատրաստում և գործնական մեքենավարման ստուգում, առանձին բեռնատար մեքենաներով՝ 10 ամսից ոչ պակաս աշխատանքային ստաժ և համապատասխան վարորդական վկայական ունեցողները:

Նախարարության պատասխանի մեջ նաև նշվում է, որ շարասյունում և առանձին բեռնատար մեքենաներով անձնակազմ տեղափոխելու համար հատուկ վկայականները տրվում են՝ համաձայն «ՀՀ ԶՈՒ վարորդների ու ավտոմոբիլային ծառայության այլ մասնագետներ պատրաստելու և նրանց տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվություն հատկացնելու կարգի»-ի:

«Սույն կարգով հստակեցվում է, որ ուղևորատար ավտոբուսներ վարել թույլատրվում է այն վարորդներին, որոնք ունեն 10 ամսից (ներառյալ լրապատրաստումը) ոչ պակաս C կարգի տրանսպորտային միջոցներ վարելու անընդմեջ աշխատանքային ստաժ, վարորդական իրավունքի վկայականում D կարգի տրանսպորտային միջոց վարելու թույլտվության նշում և ուսուցման ավարտին դարձել 19 տարեկան:

ՀՀ զինված ուժերում վերոնշյալ ուղեցույց փաստաթղթերի պահանջները կատարվում են ամվերապահորեն, գտնվում են պաշտոնատար անձանց ամենօրյա հսկողության տակ, և իրականացվում են դեպքեր և պատահարներ կանխելու համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ», - վստահեցնում են գերատեսչությունից:

Սյունիքի մարզում ձորն ընկած ՊՆ «Ուրալ»-ի գործով երեք մեղադրյալ կա: Քննչական կոմիտեից հայտնում են՝ զորամասի բարձրաստիճան երկու պաշտոնյա է կալանավորվել: Մեղադրանք է առաջադրվել նաև 18-ամյա զինծառայող վարորդին։ Ավտովթարի հետևանքով 4 հոգի զոհվել է, 20-ը՝ վիրավորվել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ միայն նախորդ տարի բանակում 14 ավտովթար է տեղի ունեցել, 2022-ին՝ 17, 21-ին՝ 15:

  • Կիսվել: