հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Այս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարան. Սվաջյան

Այս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարան. Սվաջյան

Այս ուսումնական տարում առաջին անգամ կգործի այն կարգավորումը, որի համաձայն,  երեխան, որը 6 տարեկանից ավելի մեծ է, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանում և կրթություն ստանա համապատասխան դասարանում: Այս մասին, այսօր՝ մայիսի 15–ին, մամուլի ասուլիսում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը։

Նա  հիշեցրեց, որ դեռևս նախորդ տարի է ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել, որ երեխաները սովորելու են իրենց համապատասխան տարքիային խմբերում, համապատասխան դասարաններում, բացառություն կկազմեն միայն կրթության առանձնահատուկ  պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն մտավոր  զարգացման խնդիրներ։

Հարցին՝ վերլուծության համաձայն, ինչո՞ւ են ծնողները հրաժարվում երեխաներին 6 տարեկանից ուղարկել դպրոց, փոխնախարարն ասաց. «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ   յուրաքանչյուր տարի դպրոց հաճախող երեխաների մոտ 10 տոկոսը դպրոց չի գնում։ Այդ երեխաները լրացում են  կրթությունից դուրս մնացած երեխաների ցանկը։

Պատճառները  շատ տարբեր են։ Պատճառներից մեկը կարող է լինել զարգացման խանգարումները, որն օբյեկտիվ պատճառ է։

Կան նաև  դեպքեր, երբ ծնողներն այս կամ այն պատճառով նպատակահարամար չեն գտնում երեխային ժամանակին տանել դպրոց, երբեմն լուրջ չեն վերաբերվում այդ տարիքայի շեմին, իրենք են  որոշում՝ երեխան ե՞րբ կարող է գնալ դպրոց։ Դա, բնականաբար, «Հանրակրթության մասին» օրենքով կարգավորված է, յուրաքանչյուր տարի  բոլոր այն երեխաները, որոնց 6 տարին լրանում է  տվյալ տարվա ընթացքում, պետք է դպրոց ընդունվեն»։

Նա նշեց, որ, բնականաբար, այդ դեպքում ռիսկեր կան, որ երեխան կրթական ծրագրից հետ կընկնի, բայց դպրոցները ստացել են հանձնարարական, առաջիկայում խորհրդակցություններ կունենան դպրոցների հետ, որպեսզի լրացուցիչ աշխատանքներ իրականացնեն, երեխաների հետ փորձեն հնարավորինս արագ աշխատել, բերել, հասցնել երկրորդ դասարանի ծրագրին։

  • Կիսվել: