Այս պահին «Armat Media»-ի աշխատակիցները դեռ ՔԿ-ում են. 9 անձ վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրված. խմբագիր
Այս պահին «Armat Media»-ի աշխատակիցները Քննչական կոմիտեում են: 9 անձ այսօր հարցաքննության է հրավիրված վկայի կարգավիճակով այն նույն գործի շրջանակում, որով 1 ամիս առաջ ներխուժեցին «Armat Media» և խուզարկություններ իրականացրեցին՝ տանելով մեր տեխնիկան, համակարգիչները և մեր անձնական հեռախոսները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Armat Media»-ի խմբագիր Նելլի Ավետիսյանը:
«Ասեմ, որ սա միմիայն քաղաքական բնույթ ուներ: Ընտրություններից 2 օր առաջ տանելով մեր տեխնիկան՝ փորձ արվեց և նրանց իհարկե հաջողվեց պարալիզացնել մեր աշխատանքը, որովհետև մենք չկարողացանք ընտրությունները լուսաբանել այնպես, ինչպես պլանավորել էինք»,-նշել է նա:
Լրագրողի հարցին՝ ինչպես կարձագանքի խմբագիրը Փաշինյանի դիտարկմանը, որ եթե «Armat Media»-ի աշխատանքը խաթարված է, ապա ի՞նչ գործ ունի լրագրողը Կառավարությունում, իրեն հարց տալիս՝ Նելլի Ավետիսյանն ասել է.
«Կասեմ՝ թող գա, տեսնի «Armat Media»-ի խմբագրության կապարակնքված դռները և թող համարձակվի, օրինակ՝ այդ կապարակնիքները պոկել, ներս մտնել և հավուր պատշաճի աշխատել։ Ես շատ հաճախ հրապարակում եմ իմ խմբագրության դուռը կապարակնքված և թող ինքը տեսնի, օրինակ՝ կլինի՞ այդպիսի դեպք, որ մտնեն «Հայկական ժամանակ» կամ civic.am ու կապարակնքեն: Իրենց դա դուր կգա՞, իրենք կկարողանա՞ն իրենց աշխատանքը կանոնակարգել»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ հայտնել էինք՝ խուզարկությունից շուրջ մեկ ամիս հետո, այսօր ՔԿ վկայի կարգավիճակով հարցաքննությունների են կանչվել «Armat Media»-ի խմբագիրները, լրագրողները և օպերատորները` Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:
Tert.am-ը փորձել էր տեղեկությունը ճշտել Քննչական կոմիտեից, որտեղից հրաժարվել էին մեկնաբանել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 5-ից «Armat Media»-ի խմբագրության դռները կապարակնքված են, առգրավված է ամբողջ տեխնիկան և աշխատակիցների անձնական հեռախոսները:



