կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Ժաննա Անդրեասյան

Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Ժաննա Անդրեասյան

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։
 
 
Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:
 
«Այսօր հերթական անգամ ներկա ենք Հայաստանում ավանդական դարձած, մեր մշակութային ներկապնակը հարստացնող Եվրոպական ֆիլմերի փառատոնի բացմանը: Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը: Եվրոպական ֆիլմերի փառատոնին սպասում է ոչ միայն կինոսեր հանրությունը, այլև նրանք, ովքեր իրենց մասնագիտական զարգացումը տեսնում են օտար լեզուների, կինոարտադրության, երկրագիտության և միջազգային դիվանագիտության ոլորտներում»,- ողջույնի խոսքում ասել է նախարարը:
 
 
Կարևորելով ոլորտի առաջընթացը՝ Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է նաև կինոյի ոլորտում իրականացվող օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև ԵՄ-ի հետ հաջող համագործակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» հարթակի շրջանակում և վերահաստատել պետության հանձնառությունը՝ ամեն կերպ աջակցելու համատեղ նախաձեռնություններին։ Նա հույս է հայտնել, որ առաջիկայում դրա մեդիաբաղադրիչի ինտեգրումն արվեստագետներին հնարավորություն կտա առավել խորացնելու իրենց կապերը Եվրոպայի գործընկերների հետ։
 
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը՝ մշտական և արդյունավետ համագործակցության համար:
Ներկաներին ողջունել է նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ընդգծելով, որ փառատոնը մշակութային դիվանագիտության լավագույն օրինակներից է և խորհրդանշում է Հայաստանի և Եվրոպական միության միջև զարգացող կապը՝ հիմնված ընդհանուր արժեքների և մշակութային ժառանգության վրա։
 
«Կինոն համընդհանուր լեզու է, որն անցնում է սահմանները՝ կամուրջ դառնալով ազգերի, մշակույթների և սերունդների միջև։ Եվրոպական կինոն արտահայտում է մարդկության կյանքի բարդությունն ու գեղեցկությունը։ Հայկական կինոարվեստը նշանակալի ներդրում ունի եվրոպական բազմազան մշակութային ժառանգությունում»,- ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն մշտապես պատրաստ է աջակցելու հայկական մշակույթի զարգացմանը։
 
Կինոյի տանը 7 օր շարունակ հանդիսատեսը հնարավորություն կունենա բնօրինակ լեզվով ու հայերեն, անգլերեն ենթագրերով դիտելու «էմիլիա Պերես», «Զմյուռնիա», «Վերջը», «Ռիտա», «Մեծ ճանապարհորդություն», «Կոնտինենտալ 25» և «Մարիա» ֆիլմերը: Մուտքն ազատ է:
Փառատոնը հարթակ է, որտեղ հանդիպում են արվեստը, պատմությունը և ժամանակակից թեմաները՝ արտահայտված կինեմատոգրաֆիայի լեզվով՝ հանդիսատեսին միավորելով ընդհանուր արժեքների շուրջ:

  • Կիսվել: