«Այլեւս ոչ մի հարց». Գարեգին Բ-ն չցանկացավ անդրադառնալ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը
Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը չցանկացավ անդրադառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի, եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ դրանք լավ չեն Աստծո հետ, քանի որ ամեն իշխանություն Աստծուց է:
«Այլեւս ոչ մի հարց»,-ասաց Ամենայն հայոց կաթողիկոսն ու հեռացավ հոգեւորականների ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ լրագրողները Գարեգին Բ-ից հետաքրքրվել էին, թե արդյոք շարունակում է պահանջել վարչապետի հրաժարականը, ինչին նա պատասխանել էր. «Ինչպես մենք մեր հայտարարության մեջ անդրադարձել էինք, մենք հայրական հորդոր ենք ուղղել, եւ հայրական հորդորը բնականաբար ժամանակով չի սահմանափակվում: Հայրական հորդորը պայմանավորված է այն իրավիճակի, այն խնդիրների հաղթահարմամբ եւ լուծմամբ, որոնք առիթ եւ պատճառ են հանդիսացել այդ հայրական հորդորի հնչեցման, պատգամի փոխանցման»:
Իսկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Գարեգին Բ-ի հայտարարությանը, նշել էր. «Շատ տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու. Եթե Եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, ուրեմն Եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ. և դա համաձայն քրիստոնեական տեսության»:


