հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Ավտովթար Լոռու մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին 29-ամյա վարորդը «УАЗ 469»-ով բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր

Ավտովթար Լոռու մարզում․ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին 29-ամյա վարորդը «УАЗ 469»-ով բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր

Երեկ՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում 29-ամյա Էրիկ Մ․-ն իր վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ձնակույտին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Իշխան Մկրտչյանը և Անդրանիկ Եղոյանը։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: