երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավտովթար Արարատի մարզում․ 33-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր

Ավտովթար Արարատի մարզում․ 33-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ․ 33-ամյա Վահան Գ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարահի 62 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ, 1985 թ․ ծնված Գարիկ Պ․-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արարատ» կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

  • Կիսվել: