կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
«Ավետաբեր» արձանի վերակառուցման մասին առաջարկություն եմ ներկայացրել Գյումրի համայնքի ղեկավարին

«Ավետաբեր» արձանի վերակառուցման մասին առաջարկություն եմ ներկայացրել Գյումրի համայնքի ղեկավարին

Գյումրու ավագանու անդամ Կարեն Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Առաջին նկարում Լենինականի Կոմերիտմության այգին և «Ավետաբեր» արձանն են։

Երկրորդ նկարում (մեր օրեր)՝ այն, ինչ մնացել է այգուց և արձանից։ 

Օրերս առաջարկություն եմ ներկայացրել Գյումրի համայնքի ղեկավարին շահագրգիռ կողմերի հետ համագործակցության արդյունքում գտնել՝ Վ․ Սարգսյան փողոցում «Երիտասարդության այգու» (նախկին Կոմերիտմիության այգի) և այգում գտնվող «Ավետաբեր» արձանի վերակառուցման, վերականգնման և պահպանման լուծման ուղիները՝ հայտնելով նաև իմ պատրաստակամությունը ցանկացած ձևաչափով ներգրավվելու վերը նշված խնդիրների լուծման աշխատանքներին։

Հարցով հետաքրքրված անձանց հիշեցնեմ, որ այգին, որպես կանաչ գոտի, գործել է մինչև 1988 թվականի աղետալի երկրաշարժը, այնուհետև տարածքում տեղադրվել են տնակներ, և այգին դարձել է տնակային ավան։ Տարիների ընթացքում բնակարան ստացած ընտանիքները լքել են տարածքը։

Այգում 1981 թվականին տեղադրվել է «Ավետաբեր» արձանը, որի հեղինակներն են ՀՀ վաստակավոր գործիչ, նկարիչ, քանդակագործ Սամվել Պետրոսյանը և  ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը։ «Ավետաբերը» երիտասարդության, ուժի, գեղեցկության արձան է, որը մարմնավորել  է  ջահելության իղձերն ու երազանքները։

Ներկայումս նշված տարածքում առկա են մի քանի տնակներ և տաղավար։ Հայտնի է նաև, որ այգու որոշակի հատված ժամանակին օտարվել է մասնավորին, որի արդյունքում, օտարված հատվածը կառուցապատվել է և գործում է որպես  առևտրի կենտրոն»։

  • Կիսվել: