Ավանեսյանը հետևել է օրդինատորների անցումային անհատական լիցենզավորման քննությանը
Օրդինատորների անցումային անհատական լիցենզավորման քննությանն այսօր տեղում հետևել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Այդ պահին ընթանում էր թեստային փուլը հաջողությամբ հաղթահարած օրդինատորների գործնական քննությունը:
Նախարարը զրուցել է օրդինատորների հետ, հետաքրքրվել առաջին` թեստային փուլի նրանց արդյունքներով, քննության հարցերի բովանդակության մասին լսել ապագա բժիշկների կարծիքները:
Օրդինատորները գոհունակություն են հայտնել, որ նախարարի հետ հոկտեմբերին ունեցած հանդիպմանը իրենց հնչեցրած դիտարկումներն ու առաջարկներն անմիջապես տեղ են գտել հարցաշարում:
Այս պահի տվյալներով` քննության առաջին փուլին մասնակցել է 814 օրդինատոր, նրանցից 679-ը հաջողությամբ հաղթահարել է այն:
Այս համակարգի ներդրումից ընդամենը մեկուկես ամիս անց արդեն լիցենզավորվել է 556 օրդինատոր. նրանք հաջողությամբ հանձնել են և՛ թեստային, և՛ գործնական քննությունը:
Քննությունը չհաղթահարած օրդինատորներին մինչև տարեվերջ տրված է ևս երեք փորձի հնարավորություն. այսպիսով ոչ միայն նպատակ չկա կասեցնելու որևէ օրդինատորների մասնագիտական աշխատանքը, այլև ճիշտ հակառակը` նրանց համար ստեղծվում է իրավական դաշտում գործելու հնարավորություն:


