կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Աշոտ Փաշինյանը գլուխ է խոնարհում տիկին Գայանեի առաջ, բայց պնդում է՝ նրա արարքը պետք է իրավական գնահատական ստանա

Աշոտ Փաշինյանը գլուխ է խոնարհում տիկին Գայանեի առաջ, բայց պնդում է՝ նրա արարքը պետք է իրավական գնահատական ստանա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, պնդում է՝ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արարքը պետք է իրավական գնահատական ստանա։

Այսօրվա դատական նիստից առաջ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ վատ չի՞ զգում, որ զոհվածի մորը դատարան հասցրին։

«Հարգելի՛ս, յուրաքանչյուր դեպք պետք է իրավական համապատասխան գնահատական ստանա։ Ինչ վերաբերում է «հերոսի մայր» արտահայտությանը՝ դրա մասին արդեն խոսել ենք, ոչ մեկ չի նսեմացրել ու չի կարող նսեմացնել, ևս մեկ  անգամ գլուխ ենք խոնարհում բոլոր հերոսների ու նրանց հարազատների առաջ», - ասաց Փաշինյանը։

Հարցին՝ այդ թվում նաև տիկին Գայանեի առա՞ջ՝ արձագանքեց. «Այո՛, բայց, միևնույն ժամանակ, ասում եմ, որ յուրաքանչյուր միջադեպ Հայաստանում պետք է օրենքին համապատասխան գնահատական ստանա»։

Աշոտ Փաշինյանը վստահեցրեց, որ ծնողներից շատերի հետ շփվել է նախկինում. «Ու կարող եմ ասել, որ շատ փոխադարձ հարգանք է եղել։ Ոչ, տիկին Գայանեի հետ չէի շփվել, բայց նորից եմ ասում, որ ծնողներից մի քանիսի հետ շփում եղել է։ Քանի որ միշտ փոխադարձ հարգանքով խոսակցություն է եղել, այդ պատճառով ես չէի պատկերացնում, որ կարող է նման միջադեպ տեղի ունենալ։ Ես չեմ կարող ասել, թե ինչ կարող էր տեղի ունենալ Եռաբլուրում։ Դուք ինձ հիմա այդ հարցն եք տալիս, բայց ես դրա մասին հայտարարություն ընդհանրապես չեմ արել ու չեմ էլ անում»,- ասել է նա՝ լրագրողի հարցին ի պատասխան։

Նշենք, որ գործը քննող դատավորը որոշել է հետայսու նիստերը դռնփակ անցկացնել։

  • Կիսվել: