Աշխատաժողով՝ «Միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի և Վրաստանի միջև» ծրագրի շրջանակներում
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի և Վրաստանի միջև» ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովին:
Ծրագրի նպատակն է բարձրացնել աղետների ռիսկերի կառավարման համակարգի մակարդակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կարողությունների ընդլայնման և միջսահմանային համագործակցության մեխանիզմների ներդրման միջոցով Հայաստանի և Վրաստանի անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության մակարդակի բարձրացմանը:
«Այս ծանր շրջանում, երբ 2 երկրների առողջապահական համակարգերը լծված են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին, ծրագրի հիմնական նպատակը բժշկական խմբեր ստեղծելն է, որոնք, անհրաժեշտության դեպքում, կկարողանան այլ երկրներում նույն ծավալի ու որակի բժշկական օգնություն տրամադրել»,- ասել է Լենա Նանուշյանը` մաղթելով միջսահմանային գործակցության ընդլայնմանն ու փոխգործակցությանն ուղղված արդյունավետ աշխատանք: