Աշխատաժողով՝ Մարդու պապիլոմավիրուսի իրազեկման միջազգային օրվա համատեքստում
Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) իրազեկման միջազգային օրվա համատեքստում Առողջապահության նախարարության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և «Ֆայդեք Արմենիայի» հետ համագործակցությամբ կազմակերպվել է աշխատաժողով: Մեկ հարկի տակ հավաքված մանկաբույժները, գինեկոլոգները, ուռուցքաբանները, ընտանեկան բժիշկներն անդրադարձել են ՄՊՎ կանխարգելման նոր մոտեցումներին և առկա մարտահրավերներին` կարևորելով արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ համակարգված պայքարը:
«Պատվաստումների գործընթացը COVID-19-ի ժամանակ բավականին տուժել է, բայց այժմ, համատեղ ջանքերով, կարողացել ենք պահպանել պատվաստումների բարձր ծածկույթը, հատկապես մինչև 1 տարեկանների շրջանում` շուրջ 93%` ապահովելով այս երեխաների պաշտպանությունը կառավարելի վարակիչ հիվանդություններից: Նմանօրինակ համալիր աշխատանք է տարվում նաև ՄՊՎ-ի պատվաստման հարցում: Պատվաստանյութի ներդրումից ի վեր ծածկույթը կրկնապատկվել է, սակայն անելիքներ դեռ կան: Վստահաբար կարող ենք ասել, որ պատվաստվածներն ապահովագրված են արգանդի պարանոցի քաղցկեղից»,- նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը` հավելելով, որ բոլոր ջանքերը ներդրվում են ապագայի համար, իսկ ամենալավ միջոցը կանխարգելումն է:
Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Սիդարթա Դատտան փաստել է, որ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի և շատ այլ երկրներ զեկուցում են ՄՊՎ դեմ պատվաստումների ազգային ծրագրերի շնորհիվ քաղցկեղի դեպքերի զգալի կրճատման մասին:
«Արգանդի պարանոցի քաղցկեղի գրեթե բոլոր դեպքերը կանխարգելելի են` հասանելի և անվտանգ ՄՊՎ պատվաստանյութի միջոցով: Ապացույցների վրա հիմնված միջամտությունների շնորհիվ կարող ենք վերացնել արգանդի պարանոցի քաղցկեղը: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կառավարության և առողջապահության նախարարության հանձնառությունը մինչև 2030թ․ Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղը` որպես հանրային առողջապահության խնդիր, վերացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների առումով և պատրաստ ենք աջակցել երկրին այս ուղղությամբ»,- նշել է ԱՀԿ ներկայացուցիչը։
«Ֆայդեք Արմենիա» հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Մարիաննա Հակոբյանը ներկայացրել է ՄՊՎ-ի տարածվածության և կանխարգելման վերաբերյալ հետազոտության արդյունքները` ընդգծելով, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումը կարող է նվազեցնել արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը։
Նշենք, որ մարդու պապիլոմավիրուսն արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է։ Աշխարհում այն կանանց շրջանում չորրորդ, իսկ Հայաստանում երկրորդ ամենատարածված քաղցկեղն է: ՄՊՎ-ի դեմ պատվաստումը, ինչպես նաև պարբերաբար իրականացվող սքրինինգներն արդյունավետ միջոց են՝ պաշտպանելու կանանց արգանդի պարանոցի քաղցկեղից: