երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աշխատանքային քննարկում ԱԺ-ում՝ խաղամոլության դեմ պայքարի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ

Աշխատանքային քննարկում ԱԺ-ում՝ խաղամոլության դեմ պայքարի օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ

Մեր քննարկման առիթը կապված է Ֆինանսների նախարարության եւ մասնավոր հատվածից եկող առաջարկությունների, ինչպես նաեւ ԱԺ լիագումար նիստում օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ պատգամավորների բարձրաձայնած հարցադրումների հետ: Մենք պատրաստ ենք աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք իրենց աջակցությունը կբերեն ոլորտի գործարարությանը: Մեր թիրախը խաղամոլության դեմ պայքարն է: Այս մասին ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հոկտեմբերի 3-ին իր եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հեղինակած ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ:

Քննարկմանը մասնակցել են օրենսդրական փաթեթի համահեղինակ Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամներ Արուսյակ Մանավազյանը  Էդգար Հակոբյանը եւ Նարեկ Գրիգորյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԿԲ-ի, վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, պատասխանատուներ:

Հիշեցնենք, որ ըստ Գեւորգ Պապոյանի՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախաձեռնության հիմնական էությունն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր խաղային հաշիվը լիցքավորի միայն իրեն պատկանող բանկային կամ քարտային հաշվից: Այսինքն՝ քաղաքացին չի կարող իր խաղային հաշիվը լիցքավորել այլ քաղաքացու քարտային հաշվից:

Դեռեւս ԱԺ լիագումար նիստում քննարկման ժամանակ Գեւորգ Պապոյանը փաստել էր, որ իրենց նպատակադրումն է իմանալ, թե ով է խաղում եւ ինչ է խաղում եւ դրանով հստակեցնել իրենց քաղաքականություններն այս կամ այն ոլորտում: Ըստ նրա՝ հնարավորություն կստեղծվի հստակեցնել, թե ովքեր են խաղամոլները, եւ նրանց հետ կապված պետական վերաբերմունք կդրսեւորվի: Պատգամավորի հավաստմամբ նպաստ ստացող քաղաքացին չի կարող խաղալ, խաղամոլ լինել: «Սա քաղաքականություն է, որ մենք պիտի տանենք մինչեւ վերջ եւ դրան է միտված օրենքի նախագիծը», - փաստել էր հանձնաժողովի նախագահը: Ըստ նրա՝ համապատասխան պատասխանատվության միջոցներ են ներդրված՝ բոլոր դեպքերի համար 200.000 հազար դրամ տուգանք է սահմանված:

ՀՀ ֆինանսների նախագահի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշել է, որ ոլորտը պատրաստ է այս կարգավորումներին, միակ անհանգստացնող հանգամանքը ժամկետի եւ տեխնոլոգիական հնարավորությունների հետ է կապված:

Ըստ փոխնախարարի՝ խաղամոլության վերաբերյալ խորքային ուսումնասիրություններ չկան, սակայն նախարարությունն արդեն սկսել է սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունները, թե ինչն է խաղադրույքների աճի հիմքում ընկած:

Վիճակախաղեր կազմակերպող ընկերությունների ներկայացուցիչներն առաջարկել են պատասխանատվությունը ճիշտ ձեւով բաշխել, ինչպես նաեւ բարձրաձայնել օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ հարցադրումներ:

Քննարկման արդյունքում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն առաջարկել է վեցամսյա ժամկետ, այսինքն՝ օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի ապրիլի 1-ից, ինչին համաձայնել են բոլոր ներկաները:

Պատգամավորը նաեւ նշել է, որ աճում են խաղադրույքներ կատարողների թվերը, թեեւ նրա դիտարկումներով այս տարի թվերը նվազել են: Որքան օրենսդրորեն սեղմվում է կարգավորման օղակը, խաղամոլները սկսում են դրսի կազմակերպություններում խաղադրույք կատարել: Նշվել է, որ Ֆինանսների նախարարության օրենսդրական նախաձեռնությամբ այդ դրսի կազմակերպությունները Հայաստանում կկարողանան գործունեություն ծավալել, եթե լիցենզավորվեն Հայաստանում եւ հարկեր վճարեն:

Գեւորգ Պապոյանը վիճակախաղերի պատասխանատուներին առաջարկել է վիճակախաղերի ժամանակ գովազդի վերաբերյալ առաջիկայում ներկայացնել հստակ սահմանումներ եւ առաջարկություններ:

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը փաստել է, որ իրենք նախաձեռնել են օրենսդրական փաթեթ, որով կտրվեն շատ հարցերի պատասխաններ:

Օրենսդրական նախաձեռնության եւ խաղամոլության դեմ պայքարի կարեւորությունն ընդգծել եւ տեսակետներ են բարձրաձայնել նաեւ ԱԺ պատգամավորներ, նախագծերի փաթեթի համահեղինակ Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Մանավազյանը, Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Գրիգորյանը:

Քննարկման մասնակիցները կարեւորել են օրենսդրական փաթեթի ընդունումը, որն իր նպաստը կբերի խաղամոլության դեմ պայքարում:

Աշխատանքային քննարկման ժամանակ տեսակետներ են հնչել ԶՈՒ-ում ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների կողմից խաղադրույքներ կատարելու փաստի վերաբերյալ: Նշվել է, որ դրա դեմ պայքարում իրականացվում են իրավադաստիրակչական միջոցառումներ: Հիմնական պատճառներից շեշտադրվել է զինծառայողների մոտ սմարթֆոնների առկայությունը, ինչն անթույլատրելի է:

  • Կիսվել: