շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Աշխարհի ոչ մի երկրում չի արձանագրվում հիվանդների, վարակակիրների 100%  հայտնաբերում. վարչապետ

Աշխարհի ոչ մի երկրում չի արձանագրվում հիվանդների, վարակակիրների 100% հայտնաբերում. վարչապետ

«Այսօր երկրում ունենք կորոնավիրուսի 7000-ից ավելի դեպք, բայց ուզում եմ արձանագրել, որ աշխարհի ոչ մի երկրում չի արձանագրվում հիվանդների, վարակակիրների 100 տոկոս հայտնաբերման դեպք»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, սա նշանակում է, որ երկրում կան հազարավոր կորոնավիրուսի վարակակիր քաղաքացիներ, որոնք նույնիսկ իրենք չգիտեն, որ կորոնավիրուսի վարկակիր են:

Նրա խոսքով, այս հիվանդության առանձնահատկությունն այն է, որ շատ մեծ դեպքերով ընթանում է ասիմպտոմ, այսինքն՝ առանց ախտանշանի։

«Այսօր էլ այս դահլիճում կարող են լինել մարդիկ, որ չգիտեն՝ իրենք վարակակիր են։ Հետևաբար, ոչ ոք չգիտի, թե կորոնավիրուսով վարակված քանի մարդ կա երկրում: Երբ խոսք է գնում դիմակների մասին, ասում են՝ բա այն ժամանակ ասում էիք հիվանդներին  է հարկավոր դիմակ: Այո, երբ երկրում կա 100 հիվանդ, այդպես է, բայց երբ երկրում կան կորոնավիրուսով հիվանդ հազարավոր մարդիկ և նույնիսկ հիվանդներն իրենք չգիտեն, որ վարակակիր են, հենց այդ նպատակով է օգտագործվում դիմակը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ասիմպտոմ դեպքերի 90 տոկոսը բացահայտվում է հետևյալ կերպ. երբ ծանր ախտանիշներով որևէ պացիենտ ընդունվում է որևէ բուժհաստատություն, իրականացվում է համաճարակաբանական հետաքննություն, փորձում են պարզել նրա շփման շրջանակը: Եվ շփման շրջանակից թեստավորում են մարդկանց,  որոնք չունեն ոչ մի սիմպտոմ: «Այսինքն՝ եթե այդ մարդը չվատանար, ապա մյուսները չէին իմանա, որ վարակակիր են»,- հավելեց նա։

Ուստի, ըստ նրա, սա է պատճառը, որ ասում ենք՝ սոցիալական հեռավորությունը, դիմակը, ձեռքերի ախտահանումը երաշխավորում են այս իրավիճակը, որովհետև բազմաթիվ մարդիկ այս ընթացքում վարակվելու են և լավանալու են։

«Փառք Աստծո, բայց քանի որ իրենք չգիտեն, և միջավայրն էլ չգիտի, որ իրենք վարակակիր են, իրենք ակամա կարող են վարակել ուրիշներին: Դրա համար է, որ դիմակ կրելը պետք է լինի դե ֆակտո պարտադիր: Եթե դե ֆակտո պարտադիրության մեր այս ուղերձը չընդունվի, մենք հաջորդ քայլով նաև դե յուրե պարտադիր կդարձնենք ընդհանրապես բոլոր տեղերում: Այսինքն՝ եթե մարդը մեն-մենակ նստած է զբոսայգում, և 10 կիլոմետր շառավղով որևէ ուրիշ մարդ չկա, մենք դե յուրե պարտադիր կդարձնենք՝ վերահսկողությունն ուժեղացնելու համար, որովհետև եթե առանց դիմակի մարդ կա, ուրեմն ինքը պետք է տուգանվի»,- ասաց վարչապետը։

Այնուհետև նա ավելացրեց.

«Իմ կոչը և հորդորն է՝ այո՜, դա մեր սխալն է, ամենամեծ սխալն է՝ կամ չակերտավոր կամ առանց չակերտների, որ մեր հիմնական գործիքը մենք համարում ենք քաղաքացու անձնական պատասխանատվությունը, բայց, էլի եմ ասում, դա բխում է հենց մեր կառավարության ծագումնաբանությունից, որովհետև այդ մեթոդով ենք մենք իրականացրել երկրում քաղաքական փոփոխություններ, այդ մեթոդով ենք իրականացրել տնտեսական փոփոխություններ, և մենք գործելու ուրիշ մեթոդ ոչ թե չգիտենք, այլ ուրիշ մեթոդի չենք հավատում գաղափարաբանորեն:

Բայց էլի եմ ասում՝ եթե կանոնները չպահպանվեն, մենք դիմակի կրումը պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում՝ առանց բացառության, և դեռ հարց կդրվի՝ տան մեջ պարտադիր կդարձնե՞նք, թե՞ ոչ - սա մի քիչ չափազանցնում եմ, բնականաբար: Այսինքն՝ եթե մարդն առանց դիմակի դուրս եկավ տանից, կարող ենք տուգանելու որոշում կայացնել: Հետևաբար, իմ կոչն է՝ չստիպել կառավարությանը, որ մենք գնանք այսպիսի քայլերի: Խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, պահպանել այս կանոնները: Առաջին հերթին սա վերաբերում է պետական կառավարման մարմիններին՝ բացառել ընդհանրապես, որ, բացի այն դեպքից, երբ պաշտոնյան, պետական ծառայողը կաբինետում մենակ է, մնացած բոլոր դեպքերում պետք է կրի դիմակ, պարտադիր՝ վարչապետից սկսած մնացած բոլորով ավարտած: Եվ այս կանոնները պահպանելու դեպքում մենք համոզված ենք, որ շատ արագ կունենանք համավարակի տեմպերի երկրաչափական անկում»։

  • Կիսվել: