կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականների թիմն առաջին անգամ արժանացել է բրոնզե մեդալի

Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականների թիմն առաջին անգամ արժանացել է բրոնզե մեդալի

Օգոստոսի 10-16-ը տեղի է ունեցել «Աշխարհագրություն» առարկայի 17-րդ միջազգային առցանց օլիմպիադան,  որին մասնակցել է 179 աշակերտ` 46 երկրից:

ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Հայաստանի դպրոցականների թիմն արժանացել է  բրոնզե մեդալի:

Միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել է  4 աշակերտ՝ Մարիամ Գրիգորյանը (Երևան, «Քվանտ» վարժարան, 10-րդ դասարան), Ռուբեն  Սարգսյանը (Շիրակի մարզի Գյումրի քաղաքի  «Ֆոտոն» վարժարան, 11-րդ դասարան), Հովհաննես Ստեփանյանը (Արմավիրի մարզի Նոր Արտագերսի միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան) և Լուսինե Հարությունյանը (Արարատի մարզի Նորաշենի  միջնակարգ դպրոց, 12-րդ դասարան):  Օլիմպիադան ընթացել է երկու փուլով՝ տեսական և մեկ փորձարարական: Մեդալը նվաճել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի աշակերտ  Ռուբեն  Սարգսյանը։

2021 թվականի «Աշխարհագրություն» առարկայի հերթական միջազգային օլիմպիադան պետք է անցկացվեր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, բայց համավարակով պայմանավորված՝ այն անցկացվել է առցանց:  Հայաստանի թիմը օլիմպիադային հեռավար եղանակով միացել է Երևանի Քվանտ վարժարանից:

Օլիմպիական թիմը ղեկավարել  են Արսեն Գրիգորյանը (ԵՊՀ) և Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան)։

Նախկինում Հայաստանի դպրոցականները  չորս անգամ մասնակցել էին «Աշխարհագրություն» առարկայի միջազգային օլիմպիադաներին, սակայն մեդալների չէին արժանացել։

  • Կիսվել: