ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
«Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» սպորտային նոր համալիրի նախագծային թերությունները շտկվում են

«Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի» սպորտային նոր համալիրի նախագծային թերությունները շտկվում են

Քաղաքաշինության կոմիտեն ձեռնարկել է միջոցներ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի» սպորտային նոր համալիրի կառուցման ծրագրում ի հայտ եկած նախագծային խնդիրները լուծելու և ծրագրի ընթացքը պատշաճ որակով ապահովելու համար։ Այդ նպատակով հոկտեմբերի 2-ին Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի և Ալբերտ Այվազյանի հետ շինհրապարակ են այցելել Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Մասիս Աղայանցը, շինարարական ծրագրերի բաժնի պետ Ծերուն Թովմասյանը։ Նրանք դիտարկել են առկա վիճակը և հետևել մասնակի քանդման աշխատանքներին։

Քաղաքաշինության կոմիտեն ձեռք է բերել պայմանավորվածություն համալիրի նախագիծը հեղինակած ընկերության հետ, որի շրջանակում ընկերությունը համաձայնել է մշակել նախագծային նոր լուծումներ և փոխհատուցել պետությանը հասցված վնասները։ «Ծրագիրն իրականացնելիս նախագծային սխալ հաշվարկի պատճառով սպորտային հատվածի 3-րդ մասնաշենքի ծածկի սալը թույլատրելի սահմանից ավելի է ճկվել։ Չնայած շինարարությունն իրականացնող կազմակերպության ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումներին՝ խնդրի համակողմանի ուսումնասիրման, հնարավոր հետևանքների գնահատման արդյունքում որոշվել է քանդել ծածկը։ Նախագծող կազմակերպությունն արդեն ներկայացրել է քանդման և նոր ծածկի կառուցման նախագիծ՝ պարտավորվելով սեփական միջոցներով հոգալ նաև շինարարական աշխատանքների ծախսերը»,-նշում է Քաղաքաշինության կոմիտեի շինարարական ծրագրերի բաժնի պետ Ծերուն Թովմասյանը։

Սպորտային համալիրի նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակել է «Սարգիս և Մարիաննա» ՍՊ ընկերությունը Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի պատվիրատվությամբ։ Արդեն կառուցման աշխատանքներն իրականացվում են Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ «Գրիգորյանշին» ՍՊԸ-ի կողմից։

Ծրագրում ընդգրկված կազմակերպությունների առջև հստակ պահանջ է դրված՝ ստանձնած պարտավորությունները կատարել բարեխղճորեն, ժամանակին և պատշաճ որակով։ Քաղաքաշինության կոմիտեի մոտեցումը հստակ է՝ որակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանք չի ընդունվելու։ Այս մոտեցումը կիսելու և թիմային աշխատանքով առաջնորդվելու դեպքում կոմիտեն պատրաստ է հնարավորինս աջակցել ծրագրի բարեհաջող իրագործմանը։

Կարևոր նշանակություն ունեցող այս համալիրի կառուցման ծրագիրը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ուշադրության կենտրոնում է։ Այս ընթացքում իրականացվել են համատեղ բազմաթիվ շրջայցեր և քննարկումներ։

Սպորտային նոր համալիրի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հունիսին։ Ծրագրի արժեքը 6,7 մլրդ դրամ է։ Նախագծի համաձայն՝ համալիրը բաղկացած է լինելու սպորտային, հյուրանոցային հատվածներից, բացօթյա մարզադաշտերից և լողավազանից։ Ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մարմնամարզության, ծանրամարտի և ըմբշամարտի դահլիճներ, մրցումային, հանգստի ու ժամանցի սրահներ և անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ, հայտնում է Քաղաքաշինության կոմիտեն:

 

 

  • Կիսվել: