Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա 4 վիրավոր
Սեպտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բաբայանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն դասակի ավագ պարեկ Արմեն Դավթյանը և կրտսեր պարեկ Վարդան Ծառուկյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Նարեկ Գարեգինյանի, բաժնի պետ Նարեկ Մանանդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։



