երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արտակարգ դեպք Վանաձորի բանտում. օպերատիվ բաժնի պետի տեղակալն ու անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալը մարմնական վնասվածքներ են ստացել

Արտակարգ դեպք Վանաձորի բանտում. օպերատիվ բաժնի պետի տեղակալն ու անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալը մարմնական վնասվածքներ են ստացել

Երեկ՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:

Այդ օրը՝ ժամը 19:50–ի սահմաններում «Վանաձոր»  բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի բութ տրավմա, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշումով իրենց մոտ  է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացին Վանաձորի բնակիչ, 33-ամյա Արամ Ա.-ն է: Պարզվել է, որ  նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Վանաձորի բանտի թիվ 32 խցի կալանավորված անձ, Վանաձորի բնակիչ, 33-ամյա Գևորգ Բ.-ն ձեռքով հարվածել է Արամ Ա.-ին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Ա.-ն աշխատում է  «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ որպես օպերատիվ բաժնի պետի տեղակալ: Այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 00:30-ի սահմաններում «Վանաձոր»  շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին  և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է «Վանաձոր»  քրեակատարողական հիմնարկ, որտեղ «աջ դաստակի և նախաբազկի քերծվածք վերք» վնասվածքներով բուժօգնություն են ցուցաբերել «Վանաձոր» քրեակատարողական  հիմնարկի աշխատակից, 34-ամյա Եղիշե Ք.-ին:

Արդեն ոստիկաններին վերջինս հայտնել է, որ  նշված մարմնական վնասվածքները ստացել է Վանաձորի բանտում՝ վիճաբանության ժամանակ՝ թիվ 32 խցում գտնվող կալանավոր, Վանաձորի բնակիչ, 22-ամյա Մհեր Կ.-ի կողմից: Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Եղիշե Ք.-ն աշխատում է «Վանաձոր» քրեակատարողական  հիմնարկում՝  որպես անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կալանավորված Գևորգ Բ.-ն դատապարտվել է 2020 թ.-ի նոյեմբերին՝ ՀՀ քր օր-ի 141 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ Մհեր Կ.-ն դատապարտվել է ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2.3 կետեր, 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Փաստի առթիվ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում քննություն է տարվում: 

  • Կիսվել: