երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Արտակարգ դեպք Լոռու մարզում․ 6-ամյա երեխան շտապօգնության ավտոմեքենայով այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք Լոռու մարզում․ 6-ամյա երեխան շտապօգնության ավտոմեքենայով այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ստորին վերջույթների և որովայնի ձախ հատվածի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 6-ամյա Հ․ Վ․-ն է, ում առողջական վիճակը միջին ծանրության է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ  երեխան մարմնական վնասվածքը ստացել է իրենց տան հյուրասենյակում գազի վառարանի փականի հետ խաղալու, վառարանին միացված ռետինե խողովակը տեղից հանելու և առաջացած հրդեհի հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

  • Կիսվել: