հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արսեն Թորոսյանը հանդիպել է ԱՀԿ պաշտոնյաների հետ

Արսեն Թորոսյանը հանդիպել է ԱՀԿ պաշտոնյաների հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևին և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական ու Լատվիայում ԱՀԿ ներկայացուցիչ Միշել Թիերենին, ով գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը:

«ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ անելու համար: Նախարարը հույս է հայտնել, որ աշխատանքներն ամփոփելուց հետո ԱՀԿ առաքելության առաջարկները կնպաստեն կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարին: Միշել Թիերենը կիսվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն կատարած այցերի մանրամասներով և տպավորություններով:

Փորձագետները ծանոթացել են կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացակարգերին: Նա նշել է, որ պացիենտների բաշխումը պետք է շատ մտածված կատարվի` ուշադրությունից դուրս չթողնելով այլ հիվանդություններով անձանց: Շարունակելով առաքելության ղեկավարի միտքը` Արսեն Թորոսյանը խոսել է առաջնային օղակի բուժաշխատողների և նրանց պատրաստվածության մասին, որտեղ այս պահին ևս գերծանրաբեռնված իրականացվում է կորոնավիրուսով վարակված անախտանիշ, թեթև և միջին ծանրության անձանց տնային բուժումը և հսկողությունը:

Նախարարն ասել է, որ մինչ այս անցկացվել են առցանց դասընթացներ ավելի քան 1000 բուժաշխատողի հետ` գիտելիքները հարստացնելու համար: Հյուրն ընդգծել է, որ համավարակի դեմ պայքարում կարևոր է միջգերատեսչական և տեղական կազմակերպությունների համագործակցությունը` վարակի հայտնաբերմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցում:

Նա խոսել է նաև 3 հիմնական միջոցառումների` դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին, հավելելով, որ պետք է խուսափել մասսայական հավաքներից, փակ տարածքներում միջոցառումներից և այլ բազմամարդ իրավիճակներից: Կողմերը պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման համար կրկին հանդիպելու և ամփոփելու արդյունքները»,- ասված է ԱՆ-ի տարածած հաղորդագրությունում:

 

  • Կիսվել: