կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արմավիրում բախվել են Scania բեռնատարն ու Toyota Camry-ն, Արմավիրի մարզպետի եղբայրը հոսպիտալացվել է

Արմավիրում բախվել են Scania բեռնատարն ու Toyota Camry-ն, Արմավիրի մարզպետի եղբայրը հոսպիտալացվել է

Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19 կմ հատվածում, «Դվին» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են ուկրաինական համարանիշներով Scania մակնիշի և Toyota Camry մակնիշի 10 CO 800 համարանիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Scania-ի վարորդը և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ 

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի վարչության պետ Արթուր Բդոյանն ու Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Միքայելյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և հետարքրքրասեր վարորդներին են վթարի վայրից հեռացնում նույն վաշտի ավագ տեսուչներ Լեռնիկ Հովսեփյանն ու Եղիշե Եղյանը, ինչը նրանց հաջողվում է։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի և ավագ քննիչ Դիաննա Առաքելյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատարի և հիվանդանոց տեղափոխված Toyota-ի վարորդների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ի վարորդը Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի եղբայրն է։

Բեռնատարի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բեռնատարը թույլատրելի տեղից շրջադարձ  է կատարել և ահագին հատված արդեն անցել է, երբ այդ ժամանակ Toyota-ն կարելի է ասել՝ մխրճվել է բեռնատարի ձախակողմյան հատվածի մեջ։

  • Կիսվել: