«Արմավիր» ՔԿ-ի ստացիոնար բժշկական ստորաբաժանումն այսուհետ գործելու է լիովին նոր պայմաններով
Կառավարության ֆինանսավորմամբ վերանորոգված ու վերազինված, 95 մահճակալ հագեցվածությամբ կենտրոնը ազատազրկված անձանց տրամադրելու է անհրաժեշտ բուժօգնություն:
Նորագույն բուժսարքավորումներով, այդ թվում` լաբորատոր-ախտորոշիչ, համալրված կենտրոնի բացմանը ներկա էին առողջապահության և արդարադատության նախարարներ Անահիտ Ավանեսյանը և Սրբուհի Գալյանը, ԱԺ պատգամավորներ, ՄԻՊ գրասենյակի, մարզային իշխանության ներկայացուցիչներ և բժշկական կենտրոնի ղեկավարներ:
«Անկախ նրանից, թե անձը որտեղ է գտնվում, նրա առողջության համար հոգ տանելը պետք է լինի մեր առաջնահերթությունը. ուրախ եմ, որ երկու գերատեսչությունների` առողջապահության և արդարադատության նախարարությունների համատեղ աշխատանքի շնորհիվ ազատազրկված քաղաքացիներին այժմ պատշաճ բուժծառայությունները հասանելի են հենց քրեակատարողական հիմնարկներում»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով` «Արմավիր» ՔԿ-ի վերանորոգված և վերազինված բժշկական ստորաբաժանումը կարևոր դեր է ունենալու բանտային բժշկության ոլորտում:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մարդու իրավունքների համատեքստում, կարևորելով ազատազրկված քաղաքացիների բուժծառայության ապահովումը, նշել է, որ առողջապահության նախարարության հետ համատեղ արվում է ամենը` ազատազրկված քաղաքացիների համար ապահովելու որակյալ բուժծառայություն` միջազգային չափանիշներին համապատասխան:
Անահիտ Ավանեսյանը նշել է, որ այս բարեփոխումն ընթացքի մեջ է, և մյուս քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումներն էլ շուտով կունենան լրիվ այլ պայմաններ:




