ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արգենտինայի Անկախության օրվա տոնակատարություն Երևանում

Արգենտինայի Անկախության օրվա տոնակատարություն Երևանում

Հուլիսի 9-ին Երևանի Արգենտինայի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Արգենտինայի 1816 թվականին հռչակված անկախության հռչակագրի 205-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարության ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանը, ՀՀ Ազգային ժողովի Արգենտինա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ինչպես նաև Հայաստանում արգենտինական համայնքի անդամներ և մշակույթի և մամուլի ոլորտի գործիչներ:

 
 

Երևանում Արգենտինայի դեսպանատնից մի քանի մետր հեռավորությամբ գտնվող Արգենտինայի Հանրապետության հրապակում տեղակայված Մանուել Բելգրանոյի հուշարձանի մոտ տեղի ունեցավ  ծաղկեպսակ դնելու արարողություն, որն ուղեկցվեց Արգենտինայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական հիմներով՝ ՀՀ Ոստիկանական զորքերի պատվո նվագախմբի կատարմամբ:

Արգենտինացիների համար այս ամսաթիվը նշանավորում է պատմական այն օրը, երբ Ռիո դե լա Պլատայի միացյալ պրովինցիաների պատգամավորները հավաքվեցին Սան Միգել դե Տուկուման քաղաքում և հայտարարեցին իրենց անկախությունը Իսպանիայի կառավարությունից՝ ամրագրելով անկախ Հանրապետություն ստեղծելու կամքը: Այս կերպ, 1810 թվականի Մայիսյան հեղափոխությամբ սկսված քաղաքական գործընթացով առաջին անգամ հաստատվեց ազատ և անկախ ազգ դառնալու կամքը:

Դեսպան Մարիանո Վերգարան իր ելույթի ընթացքում մեջբերեց արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսի խոսքերը. «Ոչ ոք Հայրենիք չէ, բայց մենք բոլորս ենք այն... Հայրենիքը, ընկերնե´ր, հավերժ արարք է»:

Արգենտինայի անկախության օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանը քաղաքի բոլոր էկրաններին տեղադրել էր արգենտինական դրոշը:

  • Կիսվել: