կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արգելվել է հերթական հայի մուտքը Հայաստան. Արենի Մարկոսյանը հացադուլ կհայտարարի օդանավակայանում

Արգելվել է հերթական հայի մուտքը Հայաստան. Արենի Մարկոսյանը հացադուլ կհայտարարի օդանավակայանում

Լիբանանից ՀՀ ժամանած Արենի Մարկոսյանին թույլ չեն տվել մուտք գործել երկիր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
 
Արենի Մարկոսյանը ԱՄՆ քաղաքացի է և Հայաստանից պետք է վերադառնար տուն՝ Վաշինգտոն:
Քրիստինե Վարդանյանը տեղեկացրել է, որ իր գործընկերներ Գեղամ Մանուկյանի և Արգիշտի Գևորգյանի հետ ամբողջ գիշեր անցկացրել են «Զվարթնոց» օդանավակայանում։
 
«Արենի Մարկոսյանին որևէ պատճառաբանություն, հիմնավորում չի ներկայացվել, թե ինչու նա չի կարողնում մուտք գործել հայրենիք։ Արենին գիշերել է օդանավակայանում այն հույսով, որ գոնե ինչ–որ պահի հստակություն կմտցվի այս իրավիճակում»,– նշել է Վարդանյանը։
Պատգամավորի խոսքով` իրենք նույնպես փորձել են որևէ հիմնավորում ստանալ, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցել։ Նա տեղեկացրել է նաև, որ սա վերջին ամսվա ընթացքում 2–րդ, իսկ մեկ տարվա ընթացքում շուրջ մեկ տասնյակի հասնող դեպքն է, երբ խոչընդոտվում է ազգությամբ հայերի մուտքը ՀՀ։
 
Արենի Մարկոսյանն իր հերթին օդանավակայանից ուղիղ եթեր էր մտել և տեղեկացրել, որ օգոստոսի 1–ին` ժամը 23.00–ին է վայրէջք կատարել ու անձնագրային անցակետում վերցրել են իր անձնագիրը` ասելով, որ մի բան են ուզում ստուգել։
 
Մարկոսյանն ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, սակայն կրկին ոչինչ դեռ չի պարզվել։
 
Նշենք, որ վերջին շրջանում, մի քանի այլ սփյուռքահայերի մուտքը հայաստան ևս արգելվել է, պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն չի տրվում։     

  • Կիսվել: