ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արգելքի տակ հայտնված ընկերություններից միայն մեկը կանոնավոր չվերթ ուներ եվրոպական 1 ուղղությամբ

Արգելքի տակ հայտնված ընկերություններից միայն մեկը կանոնավոր չվերթ ուներ եվրոպական 1 ուղղությամբ

Եվրահանձնաժողովի՝ դեպի ԵՄ տարածք թռիչքների արգելքն իրականում տարածվել է Հայաստանից կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող միայն մեկ ավիաընկերության վրա՝ մեկ ուղղությամբ, գրում է artsakhpress.am-ը:

Aircompany Armenia ավիաընկերությունը միակն էր, որ կանոնավոր ավիափոխադրում էր իրականցնում եվրոպական մեկ ուղղությամբ՝ Լիոն քաղաք:
 
Armenia Airways-ի կայքից տեղեկացանք՝ ընկերությունը  չվերթներ է իրականացնում Երևանից Անապա-Երևան, Երևան-Թեհրան-Երևան ուղղություններով:
 
Armenian Helicopters-ը ուղևորափոխադրումներ է իրականացնում թեթև դասի ուղղաթիռներով Հայաստանի Հանրապետության, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի տարածքում:
 
Atlantis Armenian Airlines-ը,  Atlantis European Airways-ը ևս եվրոպական ուղղություններով կանոնավոր չվերթներ չունեն:
 
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Mars Avia-ի մասին ավելի վաղ հայտել էր, որ շահագործողի վկայականը կասեցվել է և ընկերությունը փակման վտանգի տակ է: Նրա խոսքով՝ Քաղավիացիայի կոմիտեի կողմից ստուգումների ընթացքում հայտնաբերված թերությունները չվերացնելու դեպքում այն մայիսի 1-ից պետք է փակվեր: Այն թռիչքներ էր իրականացնում Աֆրիկայում:
 
Իսկ Skyball-ը ունի օդանավ շահագործողի վկայական: Վկայականը հնարավորություն է տալիս իրականացնել օդապարիկով կոմերցիոն ուղևորափոխադրումներ հանրապետության տարածքում։
 
Եվրահանձնաժողովը հունիսի 2-ին թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակը, այն ավիաընկերությունների ցանկը, որոնց գործունեությունն արգելվում կամ սահմանափակվում է Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին: Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ավելացվել են այդ  ցուցակում ՝ երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների գնահատումից հետո: Ցուցակում են հայտնվել Aircompany Armenia-ը, Armenia Airways-ը, Armenian Helicopters-ը, Atlantis Armenian Airlines-ը, Atlantis European Airways-ը, Mars Avia-ն Skyball-ը:

  • Կիսվել: